Քաղցկեղը ախտորոշել հնարավոր է 10 րոպեում. գիտնականներ

Գիտնականները ստեղծել են քաղցկեղի ախտորոշման ունիվերսալ թեստ, որն ընդամենը 10 րոպեում կարող է մարդու օրգանիզմում քաղցկեղային բջիջներ հայտնաբերել կամ հերքել դրանց առկայությունը:

Թեստը հիվանդության հետքերը գտնում է արյան մեջ: Հատկանշական է, որ նորարարական միջոցը մատչելի է ու պարզ կիրառման հարցում: Եթե դրա գույնը փոխվում է, ապա տվյալ անձի օրգանիզմում առկա են քաղցկեղային բջիջներ:

Այնուհանդերձ՝ թեստը չի հստակեցնում ախտահարված օրգանը կամ քաղցկեղի տեսակն ու աստիճանը:

Քուինսլենդի համալսարանի հետազոտող Լաուրա Կարասկոսան նշել է, որ թեստի առավելությունը դրա մատչելիությունն ու կիրառման պարզ տեխնիկան են:
Մասնագետի խոսքով՝ թեստը 90% ճշգրտությամբ ախտորոշում է հիվանդությունը, նույնիսկ եթե այն սկզբնական փուլում է:

«Սա նշանակում է՝ թեստը կարող է ախտորոշել քաղցկեղի 100 դեպքից 90-ը: Թեև այն չի կարող ցույց տալ ուռուցքի գտնվելու վայրը կամ չափսը, սակայն կտա առաջնային կարևորության հարցի պատասխանը՝ տվյալ անձի մոտ քաղցկեղ կա՞, թե՞ ոչ»,-նշել է ավստրալուհին: