Մեկնարկել է ClimateLaunchpad Հայաստան 2017-ի 2-օրյա բիզնես ճամբարը

Այսօր մեկնարկել է ClimateLaunchpad Հայաստան 2017-ի 2-օրյա բիզնես ճամբարը։ Այս սթարթափ բիզնես գաղափարների մրցույթը Հայաստանում անցկացվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ։ Մրցույթի նպատակն է մաքուր տեխնոլոգիաների ոլորտի գաղափարները վերածել հաջող բիզնես նախագծերի՝ խթանելով տնտեսական աճը և նորարարության ներուժը:

2-օրյա բիզնես ճամբարը վարում է Նիդերլանդներից ժամանած մասնագետ Ռոն Բլումերսը: Այսօր, պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից ընտրված լավագույն 14 թիմերը ներկայացնում են իրենց բիզնես գաղափարները, որոնք մասնագետների օգնությամբ և խորհրդատվությամբ կսովորեն բիզնես վարելու հմտությունները, գաղափարներն էլ վերածելու են կենսունակ և մրցունակ բիզնես նախագծերի։

itTrend-ի հետ զրույցում Ռոն Բլումերսը նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում, ակնկալիքներն ու սպասումները մեծ են.

«Ես խոսել եմ նախորդ տարվա թրեյների հետ և նա ինձ պատմել է, որ այստեղ իսկապես լավ սթարթափներ, մարդիկ ու գաղափարներ կան։ Այստեղ, Հայաստանում աշխատելու առաջին փորձս է, սպասումներս էլ մեծ են։ Ինձ համար կարևոր է, թե ինչպես մասնակիցները կներկայացնեն իրենց նախագծերը։ Early stage սթարթափները պարզապես չեն կարող առաջ գնալ, եթե ճիշտ չօգտագործեն փիչինգի 5 րոպեն, նույնիսկ եթե սուպեր տեխնոլոգիական լուծում են առաջարկում։ Ես կփորձեմ նրանց հետ այս 2 օրերում աշխատել այդ ուղղությամբ, սովորեցնել թե ինչպես ճիշտ մատուցել մտքերն աշխարհին։ Հուսամ նրանք կզգան իրենց աճը»։

Աշխարհում մաքուր տեխնոլոգիաների գլոբալ թրենդներից Ռոն Բլումերսն առանձնացրեց քամու և արևի ուժի, վերականգնվող աղբյուրների օգտագործումը, որն ավելի էժան է, հնարավորություն է տալիս կրճատել ծախսերը, միաժամանակ խնայել բնական ռեսուրսները։

Մրցույթին մասնակից Katjet թիմը ներկայացնող եղբայրները՝ Հովհաննես և Հարություն Դաշտոյանները itTrend-ին պատմեցին, որ մշակել են արևային տեխնոլոգիաների կիրառությամբ սպիրտ թորելու համակարգ, որը կկանխի չիրացված բերքի փչանալը, կորուստը։

«Սա կլինի զգալիորեն մատչելի, թորված սպիրտը կարող է օգտագործվել մի քանի նպատակներով՝ որպես բիովառելիք, ինչպես նաև խմիչքների արտադրությունում»,-նշեց Հարությունը։

 

 

Ճամբարից հետո՝ հունիս-հուլիս ամիսներին, թիմերը կմասնակցեն 6-անգամյա արագացված խորհրդատվական դասընթացների ազգային եզրափակիչ փուլին պատրաստվելու համար, որը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին:

Ընտրված 3 լավագույն թիմերը արդեն Կիպրոսի Լիմասոլ քաղաքում հոկտեմբերի 17-18-ին կմասնակցեն եվրոպական եզրափակիչ հանդիպմանը: Եզրափակիչ փուլի լավագույն 3 սթարթափ գաղափարները կստանան համապատասխանաբար €10,000, €5,000 և €2,500 մրցանակներ։ Այս մասին հայտնեց NTEF-ի գործադիր տնօրեն Հակոբ Հակոբյանը։

«Ծրագիրն աշխատում է մոտ 46 երկրների հետ, մրցույթն անցկացվում է եվրոպական երկրների շրջանում։ Հայաստանը հանդիսանում է  ClimateLaunchpad-ի լավագույն գործընկերներից մեկը, արդեն 2-րդ տարին է ինչ մասնակցում ենք։ Սա նաև լավ հնարավորություն է սթարթափների համար մուտք գործել եվրոպական ներդրումային շուկա, ձեռք բերել նոր գործընկերներ»,-ընդգծեց Հակոբ Հակոբյանը։

Նշենք, որ ClimateLaunchpad Հայաստան 2017-ն իրականացվում է Climate KIC-ի ClimateLaunchpad ծրագրի և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամի համագործակցության շրջանակներում:

Նունե Գրիգորյան