CodeFights.հայկական նախագիծ, որի մասին խոսում է New York Times- ը և TechCrunch–ը

Հարթակի հաջողության պատմությունը հայտնվել է այնպիսի պարբերականներում, ինչպիսիք են New York Times, TechCrunch , Forbes , The Wall street Journal, Business Insider: Ittrend.am-ը զրուցել է CodeFights-ի համահեղինակ Արամ Շատախցյանի հետ ու պարզել նրանց հաջողության արտերկյա գաղտնիքը։

 

 

–Ե՞րբ է ստեղծվել հարթակը և ի՞նչ նպատակ է ունեցել։

– Հարթակը գործում է 2014 թվականի ամառվանից: Այն ժամանակ կայքը շատ ավելի պարզ էր, ընդամենը ուներ այժմյան հնարավորությունների փոքր մասը և ամենևին չէր ուղղված աշխատանքի տեղավորվելու հնարավորություն ընձեռելուն։ Կայքի նախնական տարբերակի վրա աշխատել ենք գտնվելով միմյանցից հեռու ժամային գոտիներում՝ Հայաստանում և Միացյալ Նահանգներում, իսկ կայքում առկա խնդիրների մեծ մասի հեղինակները ռուսաստանաբնակ ուսանողներ են, այնպես որ սկզբնական շրջանում աշխատել ենք ամբողջովին օնլայն տարբերակով:

–Ո՞վ էր ձեր թիրախային օգտատերը սկզբում։

– Մինչև CodeFights-ը սկսելը աշխատում էինք նույն տիպի այլ նախագծի վրա, որը նախատեսված էր մաթեմատիկայի սիրահարների համար և կոչվում էր MathFights։ Իսկ ընդհանուր գաղափարը կայանում էր նրանում, որ լինեն նմանատիպ տարբեր հարթակներ տարբեր մասնագիտությունների համար, որոնք բոլորը միասին կկազմեն ավելի մեծ հարթակ՝ BrainFights, որը կհամախմբի բոլոր տաղանդավոր մասնագետներին տարբեր ոլորտներից: Քանի որ ինքներս բավականաչափ զբաղվել էինք մաթեմատիկայի ու ծրագրավորման օլիմպիադաներով, առաջին ուղղությունները եղել են հենց դրանք։ Այս պահին CodeFights-ի թիրախային օգտատերերը հմուտ ծրագրային ինժեներներն են, հատկապես նրանք, ովքեր չեն հաճախել համաշխարհային մակարդակով ճանաչված համալսարաններ կամ չեն աշխատել աշխարհի առաջատար կազմակերպություններում, այդպիսով դուրս մնալով շատ գործատերերի տեսադաշտից: Տվյալ ոլորտը ընտրելիս հաշվի ենք առել ծրագրավորման ոլորտի զարգացումն ու դրանով հետաքրքվողների քանակի աճը, ինչը գլխավորապես պայմանավորված է նրանով, որ հիմա առցանց տարբերակով ծրագրավորում սովորելը և դրանով զբաղվելը շատ մատչելի է դարձել շատերի համար։

–Ինչո՞ւ ընտրեցիք  ուսուցման այս տարբերակը ստեղծել։

–Սովորելը ընդհանրապես ավելի հետաքրքիր է ու արդյունավետ՝ առանց պարտադրանքի, այն համատեղելով խաղային մոտեցման հետ։Շատերի մոտ միշտ այնպիսի տպավորություն է առաջանում, որ սովորելը պետք է լինի բարդ, տանջալից գործընթաց, որը պահանջում է կարդալ անհամար գրքեր մինչև գիտելիքները կիրառելը, դրա համար մենք ընտրել ենք ավելի պրակտիկ և խաղային մոտեցում։

 

–Քանի՞ բաժնից է կազմված հարթակը և ի՞նչ է առաջարկում օգտատերերին։

– Սկզբնական շրջանում խաղն ունեցել է միայն իրար դեմ անհատական մրցման ձևաչափ, որտեղ օգտատերերը պետք է հնարավորինս շուտ լուծեին առաջարկվող խնդիրները։ Այժմ կան մի քանի տարբեր բաժիններ , որոնցից գլխավորը նախատեսված է աշխատանքի տեղավորման համար հարցազրույցների պատրաստելուն։ Երբ նոր էինք ստեղծել հարթակը, ավելի խիստ էր մոտեցումը օգտատերերի սխալներին խնդիր լուծելիս, իսկ այժմ ավելի քիչ  մրցակցային ոճով է ամեն ինչ, հնարավորություն տալով սովորել ավելի հանգիստ պայմաններում։

–Ի՞նչ եք հիմա առաջարկում օգտատերերին։

-Հիմա կենտրոնանում ենք նրա վրա, որ շեշտը դրվի հարցազրույց– պրակտիկայի վրա, որը օգտատերերի տեսանկյունից կարևոր փոփոխություն է։ Հիմա առաջարկում ենք ոչ թե ուղղակի ծրագրավորում սովորել, այլ նաև աշխատանքային հարցազրույցի համար հմտություններ ձեռք բերել։ Ինչպես նաև հեշտացնում ենք օգտատերերի համար իրենց կարողությունները ցուցադրելու գործընթացը, որ 3 խնդրից բաղկացած և ժամանակի սահմանափակությամբ թեստ անցնելու փոխարեն ավելի ազատ ոճի մեջ լինի և ստուգի նաև ուրիշ հմտություններ` ծրագրավորման լեզուների և գործիքներից օգտվելու կարողությունները։ Մյուս կողմի` ընկերությունների գծով փոփոխություններն էլ են շատ, հարստացնում ենք հաճախորդների բազան, նոր տեսակի խնդիրներ ավելացնում հատուկ իրենց համար ու փորձում ավելի շատ տվյալներ ստանալ իրենց հարցազրույցների գործընթացի մասին։ Նաև հնարավորինս արագացնում ենք աշխատանքի տեղավորման գործընթացը։

 

 

Սյուզան Թոսունյան