Հենության մակարդակը Հայաստանում 86% է

Հենության մակարդակը Հայաստանում շարունակում է մնալ բարձր՝ ծրագրային ապահովման 86%-ը անօրինական է: Համաձայն Բիզնես ծրագրային ապահովման ալիանսի (BSA) ուսումնասիրության արդյունքների` հենության մակարդակը Հայաստանում հարևան երկրների համեմատ ավելի բարձր է։ Վերջին տարվա ընթացքում հենության մակարդակը մնացել է նույնը, մինչդեռ կիբեր սպառնալիքների ռիսկերը գնալով աճում են:

Վերոնշյալ «2016 Global Software Survey» ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ Հայաստանում 2015թ.  համակարգիչների վրա տեղադրված ծրագրային ապահովման 86%-ը եղել է ոչ լիցենզավորված։ Անցյալ տարվա համեմատ հենության մակարդակը մնացել է նույնը։ Հետսովետական երկրներում ոչ լիցենզավորված ծրագրային ապահովման օգտագործումը նվազել 1-6 տոկոսով։

Մայքրոսոֆթ Հայաստանի ղեկավար Լիանա Կորկոտյանը ittrend.am-ի հետ զրույցում ասաց, որ նման ցուցանիշը պայմանավորված է Հայաստանի սոցիալ-տնտեսական պայմաններով. մարդկանց համար դժվար է վճարել լիցենզավորված պրոդուկտի համար, ինչպես նաև շուրջբոլորը համատարած ոչ լիցենզավորված ծառայություններ են առաջարկվում: Դեռևս կան համակարգիչներ վաճառող խանութներ, որոնք տրամադրում են ոչ լիցենզավորված ծրագրային սպասարկում: Իրականում սա ոչ այլ ինչ է, եթե ոչ գողություն, քանի որ նրանք գողանում են Մայքրոսոֆթ և ծրագրային ապահովում արտադրող այլ ընկերությունների պրոդուկտները:

Հենության հետ պայքարի լավագույն արդյունք ցույց է տվել Վրաստանը։ Հյուսիսային Ամերիկայի երկրներում ոչ լիցենզավորված ծրագրային ապահովման օգտագործման մակարդակը նվազել է մինչև 17%, Արևմտյան Եվրոպայի երկրներում հենային ծրագրերի օգտագործման մակարդակn իջել է 1%-ով` կազմելով ընդհանուր 28%:

Ինչ վերաբերում է Արևելյան Եվրոպայի ընկերություններին, ապա հենության մակարդակը Ռուսաստանում կազմում է 64%, Լատվիայում` 49%, Լիտվայում` 51%, Լեհաստանում` 48% և Էստոնիայում` 42%։

Ուսումնասիրության համաձայն` 2015թ. ամբողջ աշխարհում համակարգիչների մեջ տեղադրված ծրագրային ապահովման 39%-ը եղել է ոչ լիցենզավորված։ Համեմատած նախորդ տարվա տվյալների` այդ ցուցանիշը կրճատվել է 4%-ով։ Ըստ Microsoft-ի կիբերհանցագործությունների միջազգային կենտրոնի տվյալների` անցյալ տարի ԱՊՀ երկրների օգտվողների 80%-ը դարձել է կիբեր հարձակումների զոհ, իսկ փոքր և միջին բիզնեսի 97,5%-ն առնվազն մեկ անգամ ենթարկվել է կիբեր սպառնալիքների։

Հենությանը դիմակայելու համար Microsoft-ը խորհուրդ է տալիս օգտատերերին օգտագործել միայն լիցենզավորված ծրագրային փաթեթներ, անցկացնել պարբերական սեմինարներ ընկերության անվտանգության վերաբերյալ, ինչպես նաև օգտագործել հատուկ ծրագրեր տվյալների ապահովման համար։ Ընկերությունների մեծամասնությունը կարող են նվազեցնել ոչ արտոնագրված ծրագրային ապահովման օգտագործման հետ կապված կիբեր հանցագործությունների ռիսկայնությունը` իրականացնելով SAM (ծրագրային միջոցների կառավարման գործիք), որն այսօր հասանելի է Հայաստանում։

«Կիբեր հարձակումների թիվը բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում գնալով աճում է։ Կարելի է վստահորեն ասել, որ կիբերհանցագործությունները անմիջականորեն կապված են ոչ լիցենզավորված ծրագրերի օգտագործման հետ։ Ամեն տարի ստեղծվում են 300 միլիոնից ավել նոր վնասակար հաքերային ծրագրային փաթեթներ, և օրական կատարվում մոտ 1 միլիոն կիբեր հարձակումներ»,- ասում է Դմիտրի Բերեսնյովը՝ ԱՊՀ երկրներում ծրագրային ակտիվների կառավարման և լիցենզավորման պայմանների համապատասխանության ստուգման գծով տնօրենը։ «Կիբեր սպառնալիքներից խուսափելու և անձնական տվյալների գողության ռիսկերը նվազեցնելու համար մենք խորհուրդ ենք տալիս օգտագործել միայն լիցենզավորված ծրագրեր, քանի որ հենային ծրագրերը վտանգավոր են»,- նշում է Բերեսնյովը։

Մայքրոսոֆթ Հայաստանի ղեկավար Լիանա Կորկոտյանի հետ ittrend.am-ի հարցազրույցը կարող եք կարդել այստեղ: