«Dasaran» կրթական ծրագիրը դուրս է գալիս Հայաստանի սահմաններից

getՍ.թ. ապրիլի 14-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում տեղի ունեցավ «Dasaran» կրթական ծրագրի ներկայացուցչական կազմի հանդիպումը հայ համայնքի հետ:

Հանդիպման ընթացքում «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության հիմնադիրները ներկայացրեցին կրթական ծրագիրը, վերջինի նպատակները, գրանցած հաջողությունները և առաջիկայում սպասվելիք նախաձեռնությունները:

Հանդիպմանը հատուկ անդրադարձ եղավ կրթական ծրագրի կայքում առկա կրթական-ինտելեկտուալ խաղերին, որոնք հնարավորություն կտան սփյուռքահայ աշակերտներին համալրելու իրենց՝ մայրենի լեզվից ունեցած բառապաշարը և բարելավելու լեզվի իմացությունը, ծանոթանալու հայոց պատմությանը, աշխարհագրությանը, գրականությանը:

Ներկաները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին կրթական ծրագրի, մասնավորապես՝ Սփյուռքի հայ երեխաների և Հայաստանում ու Արցախում բնակվող նրանց հասակակիցների միջև կրթական ընդհանուր միջավայրի միջոցով կամուրջներ հաստատելու հեռանկարի նկատմամբ:

Կարևորվեց նաև այն, որ էլեկտրոնային միասնական հարթակում ընդգրկված սփյուռքահայ աշակերտները կկարողանան մասնակցել «Dasaran»-ի նախաձեռնած բազմաթիվ մրցույթների, օլիմպիադաների և տարատեսակ միջոցառումների, որն իր հերթին կխթանի նրանց գիտելիքների ընդարձակմանը, ստեղծագործական մտքի դրսևորմանը, հասակակիցների հետ ակտիվ հաղորդակցմանը:

Հայ համայնքի ներկայացուցիչները բարձր գնահատեցին «Dasaran»-ի ներուժն ու գործունեությունը՝ ուղղված նորարարական մեթոդներով Սփյուռքում հայեցի կրթության և դաստիարակության պահպանմանը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեցին աջակցելու ծրագրի ընդլայնմանը և Բոստոնի հայկական դպրոցները «Dasaran»-ի տրամադրած միասնական էլեկտրոնային հարթակ ներգրավելուն: