Դեմո օրվա մասնակից թիմերը ներկայացրին իրենց գաղափարները միջազգային մեծ ճանաչում ունեցող մասնագետներին

Ապրիլի 26 Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ տեղի ունեցավ Աքսերելացիոն ծրագրի Դեմո օրը, որի ընթացքում մասնակից 7 ստարտափ թիմերը հնարավորություն ունեցան իրենց վերջնական արտադրանքը ներկայացնել ՏՏ ոլորտի միջազգային մասնագետների, հավանական ներդրողների և ձեռներեցների դատին։ Հյուրերի կազմում էին ներկայացուցիչներ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպություններից՝ Uber, Facebook, Granatus Ventures և այլն։

Հունվար ամսին մեկնարկած Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի մշակած աքսելերացիայի ծրագիրը աննախադեպ էր իր մոտեցմամբ. ծրագրի ողջ ընթացքում ստարտափ թիմերը, աշխատելով փորձառու մենթորների և խորհրդատուների հետ և մուտք ունենալով գլոբալ տեխնիկական և բիզնես ռեսուրսներին, հնարավորություն ունեցան արագ ձեռք բերել այն հմտությունները և կապերը, որոնք անհրաժեշտ են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հաջողություն գրանցելու համար։ «Ծրագրին մասնակցելու համար դիմել էին շուրջ 40 ստարտափ, որից 7-ն են ընտրվել: 12 շաբաթների ընթացքում մասնակիցները մեծ ճանապարհ են անցել, կարողացել են ավելի հղկել իրենց ունեցած գաղափարը, մշակել դեմո տարբերակը, իսկ որոշ ստարթափեր նույնիսկ գտնել որոշակի ֆինանսավորում», – նշեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի Աքսելերացիայի ծրագրի ղեկավար Արտաշես Վարդանյանը:

Միջոցառման հյուրերից էր Րաֆֆի Գրիգորյանը, ով այժմ Uber ընկերության ինժեներական բաժնի ղեկավարն է։ Ստարթափերի ելույթները լսելուց հետո Րաֆֆին նշեց, որ ներկայացված գաղափարները բավականին նորարար են և միջազգային շուկայում կլինեն բավականին մրցունակ։ «Այսօրվա դեմո օրը ոչինչով չէր տարբերվում հայտնի աքսելերացիոն ծրագրերի դեմո օրերից, թե աշխատանքի որակի և թե գաղափարների նորարարության առումով», – նշեց Րաֆֆի Գրիգորյանը։

Աքսելերացիայի ծրագիրը միաժամանակ իրականացվում է աշխարհի 4 Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոններում։ Ծրագրի իրականցմանը մեծապես աջակցել էին Venture Hive-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոննների ցանցը, որի գլոբալ ծրագրի ղեկավար Էդ Ստայդլը ներկա էր դեմո օրվան և իր խոսքում կարևորեց ստարտափ թիմերի զարգացման համար մենթորների խորհրդատվությունը և վերապատրաստման դասընթացները։

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ստարտափների աքսելերացիայի ծրագրի ընթացքում իրականացրեց մի շարք հանդիպումներ ԱՄՆ-ում, Ավստրալիայում, ինչպես նաև Հայաստանում գտնվող հաջողակ ՏՏ ձեռներեցների, հավանական ներդրողների և ստարտափների միջև: Մասնագիտական և խորհրդատվական աջակցություն ստանալուց բացի մասնակիցներն օգտվել են նաև Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի աշխատանքային տարածքից և համակարգիչներից, մասնակցել կենտրոնի կազմակերպած միջոցառումներին և դասընթացներին։