Դիլիջանում շուտով հայտնի կդառնան ԴիջիՔեմփ ամառային ճամբարի հաղթողները (ֆոտոշարք)

Դիլիջանում՝ Լեռնային Հայաստան առողջարանում ընթանում է ԴիջիՔեմփ ամառային ճամբարի ամփոփումը, և այս պահին մասնակցող թիմերը ներկայացնում են իրենց մշակած գաղափարները։ Այս տարի ճամբարին մասնակցում են 14-22 տարեկան շուրջ 50 պատանի  ՀՀ մարզերից և Երևանից:

Միջոցառման նպատակն է աջակցել ինովացիոն գաղափարներ ունեցող 14-22 տարեկան երիտասարդներին իրենց առաջին քայլերն անելու ձեռներեցության ոլորտում՝ ճամբարի 10 օրերի ընթացքում նրանց մատուցելով համապատասխան գիտելիքներ, հետագայում աջակցելով նրանց սեփական բիզնեսի գրանցման գործում, ինչպես նաև հնարավորություն տալով մասնակցություն ունենալ և ներկայանալ տարբեր խոշոր միջոցառումներին (օր.՝ ԴիջիԹեք Էքսպո ցուցահանդես, ԴիջիԹեք Բիզնես ֆորում և այլն) օգնել նրանց գտնել գործընկերներ: Ոլորտի բարձրակարգ մասնագետների մատուցած դասընթացները, ինչպես նաև նրանց հաջողության պատմությունները կլրացնեն ճամբարի գործնական և արդյունավետ բովանդակությունը:

Ճամբարի մասնակիցները մի քանի տասնյակ նորարար գաղափարներից ընտրել են 9 նախագիծ, այնուհետև կատարելագործել դրանք փորձագետների խորհրդատվության և թիմային աշխատանքի շնորհիվ:  Այսօր` ԴիջիՔեմփի ավարտին, ժյուրիի անդամները կորոշեն նորարար գաղափարների լավագույն եռյակը:

Ժյուրիի կազմում ընդգրկված են ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը,  Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և ՏՏ ոլորտի այլ ներկայացուցիչներ: