Հուլիսի 6-16-ը Դիլիջանում կանցկացվի ԴիջիՔեմփ ամառային ճամբարը

Հուլիսի 6-16-ը Լեռնային Հայաստան առողջարանում (Դիլիջան) կանցկացվի ԴիջիՔեմփ ամառային ճամբարը, որի նպատակն է աջակցել ինովացիոն գաղափարներ ունեցող 14-22 տարեկան երիտասարդներին իրենց առաջին քայլերն անելու ձեռներեցության ոլորտում՝ ճամբարի 10 օրերի ընթացքում նրանց մատուցելով համապատասխան գիտելիքներ, հետագայում աջակցելով նրանց սեփական բիզնեսի գրանցման գործում, ինչպես նաև հնարավորություն տալով մասնակցություն ունենալ և ներկայանալ տարբեր խոշոր միջոցառումներին (օր.՝ ԴիջիԹեք Էքսպո ցուցահանդես, ԴիջիԹեք Բիզնես ֆորում և այլն) օգնել նրանց գտնել գործընկերներ: Ոլորտի բարձրակարգ մասնագետների մատուցած դասընթացները, ինչպես նաև նրանց հաջողության պատմությունները կլրացնեն ճամբարի գործնական և արդյունավետ բովանդակությունը:

 

ԴիջիՔեմփ ծրագրի ղեկավար Հեղինե Շահումյանը ittrend.am-ին ասաց, որ ցանկացողները կարող են առցանց լրացնել մասնակցության հայտը  և սպասել արդյունքներին: ԻՏՁՄ կողմից գաղափարների ընտրությունից հետո մասնակիցները կստանան հրավեր նամակ, որից հետո պետք է ուղարկեն գաղափարի առավել մանրամասն նկարագրությունը: Ընդ որում՝ մասնակիցների հետ կնքվում է պայմանագիր, ըստ որի նրանք պարտավորվում են պատշաճ կերպով այցելել դասընթացներին: Գրանցումը բաց է մինչև 2015թ. հունիսի 22-ը՝ ժամը 18:00-ը: 

Ճամբարի բաժիններն են․ 

Ուսուցողական գործարար ներկայացումներ
Հաջողության պատմություններ
Գաղափարների գնահատում փորձագետների կողմից
Ուսուցողական ֆիլմեր
Ժամանցային միջոցառումներ

Միջոցառման հիմնական թեմաներն են․

Անձնական մոտիվացիա
Ձեռնարկատիրություն և ընդհանուր ռազմավարություն բիզնեսի համար
Առաջնորդություն
Ինչպես ստեղծել և աշխատել սկսնակ և հաջողակ թիմի հետ
Գաղափարից անցում բիզնես պլանի
Մտավոր սեփականության պաշտպանություն
Ֆինանսական պլանավորում
Ընտրենք գործընկերներ և ձևավորենք գործընկերային հարաբերություններ
Մարկեթինգի սկզբունքները
Վաճառենք մեր արտադրանքը
Բիզնես հոգեբանություն
Բանակցային հմտություններ
Տեղական հնարավորությունների ծանոթացում` բիզնեսը Հայաստանում

Ճամբարի ընթացքում ներկայացված լավագույն գաղափարները կարժանանան պարգևների, ԻՏՁՄ աջակցությանը, տարբեր միջոցառումներին ներկայանալու հնարավորությանը։