Ներկայացվել է «Հայաստանի թվային օրակարգ 2030» ռազմավարության նախագիծը

Այսօր քննարկել են Հայաստանի թվային օրակարգին վերաբերող հարցեր։ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից մշակված «Հայաստանի թվային օրակարգ 2030» երկարաժամկետ ռազմավարական փաստաթղթի նախագիծը:

Նախատեսվում է թվայնացման բարեփոխումներ իրականացնել 6 ուղղությամբ`

  • ենթակառուցվածքներ,
  • թվային կառավարում,
  • մասնավոր հատվածի թվային փոխակերպում,
  • թվային հմտությունների զարգացում,
  • ինստիտուցիոնալ համակարգի ձևավորում
  • կիբերանվտանգություն:

Յուրաքանչյուր ուղղության համար մշակվել են ռեֆորմների իրականացման տեսլական։ Հիմնական նպատակը ոչ միայն Երևանում, այլև մարզերում ժամանակակից տեխնոլոգիաների հասանելիության, մատուցվող ծառայությունների թվայնացման և տեխնոլոգիական շարունակական զարգացման ապահովումն է:

Քննարկվել է նաև թվային փոխակերպմանն համապատասխան բիզնես մոդելի ձևավորման վերաբերյալ հարցեր: Այս համատեքստում կարևորվել է ներդրումների ներգրավումը և հայաստանյան ՏՀՏ ոլորտի ընկերությունների հետ համագործակցությունը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է հետագա քննարկումներում ներգրավել նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներին և ներկայացնել անհրաժեշտ ներդրումների ծավալի վերաբերյալ գնահատական, ինչպես նաև շահագրգիռ բոլոր կողմերի հետ համատեղ լրամշակել Թվային օրակարգը և հաջորդ տարի հունվարին ներկայացնել հստակ գործողությունների ծրագիր` կոնկրետ միջոցառումներով: