ԴիջիԹեք 2017-ը կազդարարի Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի աշխատանքների մեկնարկը

ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի կազդարարի 2019-ին Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies – WCIT) նախապատրաստական աշխատանքների մեկնարկը:

Այս առիթով Հայաստան կժամանեն Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance -WITSA) նախագահն ու քարտուղարը։ Իսկ 2019-ին Հայաստան կժամանեն շուրջ 2000 գործարարներ, ում մենք պետք է ցուցադրենք ՀՀ-ի ՏՏ ներուժը: 2019-ին Հայաստանում ՏՏ համաշխարհային համաժողովի անցկացումն իրականացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել են  ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը և գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Ներկայացվել են 10-րդ հոբելյանական ԴիջիԹեք բիզնես ֆորումի առանցքային թեմաներն ու մարտահրավերները:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ երկօրյա ֆորումը արդյունավետ հարթակ է կառավարության, ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար: Ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես Բիզնես ֆորումի շրջանակում կշարունակվեն ռազմարդյունաբերության վերաբերյալ մասնագիտական քննարկումները:

Բիզնես ֆորումի օրակարգային թեմաներն են.

  • Երևանում 2019 թ-ին ՏՏ համաշխարհային համաժողովի(WCIT) կազմակերպչական աշխատանքների պաշտոնական մեկնարկ
  • ՏՏ լուծումներ` Հայաստանում տուրիզմը խթանելու նպատակով
  • ՓՄՁ-ների գործունեության արդյունավետության բարձրացում ՏՏ լուծումների միջոցով
  • Տեխնոլոգիական ոլորտի և ՀՀ ԶՈւ համագործակցության խնդիրներ և ձևաչափեր
  • Տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար
  • Հայմեփ. համահայկական ներուժի ցանց
  • Վերականգնվող էներգիա և բնապահպանություն
  • Պետական համակարգերի կառավարում
  • Արհեստական ինտելեկտի զարգացումը Հայաստանում և կիրառումը բիզնեսում

Հավելենք, որ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը 2008թ-ից իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի հովանավորությամբ: Այս տարի բիզնես ֆորումի գործընկերն է Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը:

Նախորդ տարի բիզնես ֆորումին ներգրավված են եղել 900-1000 մասնակից: Այս տարի ակնկալվում է առավել ակտիվ մասնակցություն: ԴիջիԹեք բիզնես ֆորումի օրակարգը և հավելյալ տեղեկատվություն ներկայացված է այստեղ: