Disney Plus-ից ու Netflix-ից արդեն հնարավոր է անվճար օգտվել

Հայաստանի բնակիչների համար մի փոքր տարօրինակ է հնչում, որ աշխարհում կա Freesoft շարժում։ Դրանք մարդիկ են, որոնք պայքարում են անվճար ինտերնետի, ավելի ճիշտ ինտերնետ արտադրանքի համար։ Մենք սովոր չենք ցանկացած ինտերնետ կոնտենտի համար վճարել։ Նույնիսկ մեդիագրագիտությամբ չփայլող մարդիկ գիտեն  վճարովի հավելվածները, ծրագրերն ու այլ արտադրանքը անվճար ձեռք բերելու առնվազն երկու եղանակ։ Սակայն կան բաներ, որոնք նույնիսկ նրանք ունակ չեն անվճար ձեռք բերել։ Դրանք սթրիմինգային ծառայություններն են, ինչպիսիք են՝ Disney Plus-ը կամ Netflix-ը։

Սակայն դա էլ արդեն խնդիր չէ։ DoNotPay ընկերությունը, որը արհեստական բանականության հիմքով ծրագրեր է ստեղծում, հաճելի անակնկալ ունի freesoft-ի կողմնակիցների համար։ Նրանք նոր հավելված ունեն, որով Դուք կարող եք Ձեր մտերիմների հետ կիսվել սթրիմինգային ծառայությունների ու տարբեր բաժանորդագրային ծառայությունների ինֆորմացիայով։ Կարճ ասած՝ բաժանորդագրությունը կիսել ընկերոջ կամ հարազատի հետ։

Նոր արտադրանքն իրականում Google Chrome-ի հավելված է։ Այն բանից հետո, երբ հավելվածը կատիվացնեք, Դուք կկարողանաք մուտք գործել այնպիսի կայքեր, որոնք մուտքի համար վճար են պահանջում։ Օրինակ՝ Amazon Prime կամ Spotify։  Պետք է սեղմել DoNotPay կոճակը, որը գտնվում է բրաուզերի վերևի հատվածում, հետո սեղմեք՝ «ստեղծել հղում»(create a link) կոճակը։ Դրանից հետո կարող եք ընդհանուր հղում ստեղծել, որը հնարավոր է ուղարկել՝ ում ցանկանաք։ Կամ էլ կարող եք էլեկտրոնային փոստի հասցե ավելացնել, որպեսզի նամակն ավտոմատ ուղարկվի։

The Verge-ը գրում է, որ կա նաև փոխանակման հնարավորություն։ Դուք կարող եք որևէ օգտատիրոջ հարցում ուղարկել, որպեսզի նա թույլ տա Ձեզ մուտք գործել իր հաշիվ՝ փոխարենն առաջարկելով Ձերը։

VentureBeat-ը փոխանցում է, որ ոչ ոք Ձեր գաղտնաբառը չի տեսնելու, քանի որ համակարգն աշխատում է cookie ֆայլերի փոխանցման միջոցով։ Դրանց մեջ Ձեր գործող գաղտնաբառը չի պահպանվում և ընթացքում էլ համակարգը պաշտպանում է այն կոտրելուց՝ հատուկ գաղտնագրման միջոցով։

VentureBeat -ի հետ զրույցում DoNotPay-ի հիմնադիր Ջոշուա Բրաուդերն ասել է, որ մարդկանց թվաքանակի սահմանափակում չկա, այսինքն՝ դուք կարող եք հղումներով կիսվել՝ ինչքան ցանկանաք։ Սակայն շատ ծառայություններ ունեն այնպիսի սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս նույն հաշվից մի քանի տարբեր սարքավորումների վրա միաժամանակ փոխանցել իրենց կոնտենտը։ Այսինքն, եթե նմանատիպ ծառայությունից օգտվելիս, միաժամանակ տարբեր վայրերից մուտք գործեն նույն հաշիվ, ապա ծառայությունն ուղղակի չի աշխատի կամ կարգելափակվի։ Նույնիսկ կարող եք սև ցուցակում հայտնվել։