«Բաց խաղ» առաջնության լավագույն 3D խաղ ճանաչվեց Drift Rivals խաղը (տեսանյութ)

Հոկտեմբերի 24-ին կայացած «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի 5-րդ հոբելյանական առաջնությունում Դավիթ Մկրտչյանի Drift Rivals խաղը հաղթող ճանաչվեց «Լավագույն 3D խաղ» անվանակարգում։ ittrend.am-ի հետ զրույցում խաղի հեղինակը պատմեց, որ խաղի ստեղծման վրա աշխատել է ավելի քան մեկ տարի։

Խաղն իրենից ներկայացնում է ավտոմրցավազք, որտեղ պետք է միավորներ հավաքել մեքենան սահեցնելու միջոցով։ Միավորները կարելի է օգտագործել խաղում նոր հնարավորություններ ձեռք բերելու նպատակով։

«Խաղն առայժմ հասանելի է միայն Android-սարքերի համար, այն կարելի է բեռնել անվճար, սակայն խաղի ներսում կան ներքին գնումներ»,-նշեց Դավիթը։

Խաղի մասին այլ մանրամասների կարող եք տեղեկանալ Drift Rivals-ի պաշտոնական կայքում։

Հիշեցնենք, որ «Բաց խաղ» առաջնության նպատակն է բացահայտել տաղանդավոր երիտասարդներին, զարգացնել հայկական խաղային ինդուստրիան, նպաստել ՏՏ ոլորտում «Արտադրված է Հայաստանում» բրենդի զարգացմանը: Առաջնության մասնակիցներն իրենց նախագծերը զարգացրել են փուլ առ փուլ՝ պրոֆեսիոնալ ժյուրիի օգնությամբ: Այս տարի ժյուրիի կազմում ընդգրկված էին առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Triada Studio, PicsArt, X-TECH, Underwater apps, ViViFi, Frismos, Plexonic, ԻՏՁՄ և  Օրանժ Արմենիա ընկերություններից: