Գյումրիում երկրորդ անգամ կանցկացվի «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը ԵՄ-ի օժանդակությամբ, ի թիվս այլ գործընկերների

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը եւ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ՀՀ կառավարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի եւ Եվրոպական միության ու Գերմանիայի տենտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության կողմից համաֆինանսավորվող  և ԳՄՀԸ-ի կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հետ համատեղ ս.թ. դեկտեմբերի 7-8-ին, Գյումրիում երկրորդ անգամ կազմակերպում են «Մարզերի Հզորացումը Բարձր Տեխնոլոգիաների Խթանմամբ» խորագրով երկօրյա համաժողով:

Համաժողովի նպատակն է ներկայացնել բարձր տեխնոլոգիաների միջոցով Հայաստանի մարզերը հզորացնելու նախաձեռնության հաջողությունն ու ազդեցությունը ՝ նոր ծրագրեր նախաձեռնելու եւ գալիք տարիների հետագա քայլերը որոշելու համար, ինչպես նաեւ համաժողովի ընթացքում կներկայացվեն հաջողված փորձառությունները, մասնակից մարզերի սկսնակ և գործող ընկերությունների արտադրանքները։

Համաժողովը կհյուրընկալի ոլորտով հետաքրքրված ավելի քան 200 երիտասարդի՝ ՀՀ բոլոր մարզերից:

Համաժողովը կմեկնարկի դեկտեմբերի 7-ին՝ պանելային 3 քննարկումներով՝ «Մարզերում Ձեռնարկատիրության էկոհամակարգի խթանումը», «Միջազգային ընկերությունների մարտահրավերները մարզերում», «Տեխնոլոգիաները որպես այլ ոլորտների զարգացման գրավական»: Համաժողովի 2-րդ օրը՝ դեկտեմբերի 8-ին, միջազգային և տեղական փորձագետների կողմից կանցկացվեն սեմինարներ:

Համաժողովին ներկա կգտնվեն և ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

Համաժողովն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հետ համատեղ, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության, Գերմանական

զարգացման համագործակցության (GIZ)-ի կողմից , «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի միջոցով։