Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների 90 երեխաներ և երիտասարդներ ստացան տեխնոլոգիական կրթություն

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի շրջանակում իրականացրեց «Փոփոխություն կրթության միջոցով» ծրագիրը, որի նպատակն էր Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների, երիտասարդների համար ապահովել որակյալ կրթության հավասար հնարավորություններ:

Ծրագիրը մեկնարկեց 2015թ. նոյեմբերին և շարունակվեց մինչև 2016թ. մարտ ամիսը: Մասնակիցների թվում էին 90 երիտասարդներ Շիրակի մարզի Գյումրի ու Մարալիկ քաղաքներից, Ձորակապ, Լանջիկ, Գուսանագյուղ, Հոռոմ և Հովունի գյուղերից։

5 ամիսների ընթացքում նրանք ուսումնասիրեցին գրաֆիկական դիզայն` Photoshop և Corel Draw ծրագրերի միջոցով: Հաջորդիվ իրականացվեցին նաև սոցիալական ներգրավում և մասնակցություն թեմայով դասընթացներ, ինչի արդյունքում մասնակիցները ձեռք բերեցին գիտելիքներ մարդու սոցիալական իրավունքների և այլ հարցերի շուրջ:

 

«Փոփոխություն կրթության միջոցով» ծրագրի ավարտին Շիրակի մարզի մի քանի համայնքներում (Մարալիկ, Ազատան) և Գյումրի քաղաքում տեղի ունեցավ վկայականների հանձման արարողությունը: Մարալիկում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները ևս մասնակցեցին արարողությանը: 90 երեխաներ և երիտասարդներ ստացան ավարտական վկայականներ:

Հիշեցնենք, որ «Փոփոխություն կրթության միջոցով» ծրագրի աջակիցն էր ԱՄՆ դեսպանատունը, իսկ գործընկերները՝ Հաշմանդամների «Փյունիկ» միության Գյումրու մասնաճյուղը և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող «Արմինե կրթամշակութային հասարակական կազմակերպությունը»: