Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում անցկացվում է կրթական ծրագիր հաշմանդամություն ունեցողների համար

GTC new projectԳյումրու տեխնոլոգիական կենտրոնը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը մեկնարկել են «Միասին հանուն փոփոխության» նոր ծրագիրը, որի նպատակն է Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների համար ապահովել որակյալ կրթության հավասար հնարավորություններ:

Ծրագրի շրջանակներում ուսուցանվում են համակարգչային տարրական գիտելիքներ և համացանցի օգտագործման հմտություններ 13-24 տարեկան շուրջ 120 երեխաների և երիտասարդների: Տվյալ դասընթացներին զուգահեռ իրականացվում են նաև քաղաքացիական կրթության թեմայով սեմինարներ, որի շրջանակներում մասնակիցները ձեռք են բերում գիտելիքներ մարդու իրավունքների, ընտրությունների, ժողովրդավարության և այլ հարցերի շուրջ: Վերապատրաստման յուրաքանչյուր դասընթաց բաղկացած է երկշաբաթյա 12 ժամյա ծրագրից, որոնք իրականացվում են Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում:

«Միասին հանուն փոփոխության» ծրագիրը կտևի մինչև 2015թ. մարտը: Աջակիցներն են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը և «Արմինե» մշակութային-կրթական կազմակերպությունը:

GTC new project1

Տեղեկացնենք, որ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից: Կենտրոնի առաքելությունն է Գյումրի քաղաքը վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ: