Էլոն Մասկ. «Կառավարությունը հավանություն է տվել Նյու Յորքից դեպի Վաշինգթոն Hyperloop-ի նախագծին»

Էլոն Մասկը իր թվիթերյան էջում կատարած գրառումով հայտնել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը բանավոր հավանություն է տվել իր թունելնելով գերարագ տրանսպորտային համակարգի՝ Hyperloop-ի, կառուցման նախագծին հետևյալ երթուղիով. Նյու Յորք – Ֆիլադելֆիա – Բալթիմոր -Վաշինգթոն:

Էլոն Մասկի խոսքվ՝ ստորգետնյա թունելներով սլացող գնացքը այս տարածությունը (մոտ 300կմ) կհաղթահարի կես ժամից էլ քիչ ժամանակում՝ 29 րոպեում: Amtrak ընկերության ճեպընթացներն անցնում են այս տարածությունը մոտ 3 ժամում, իսկ ինքնաթիռը 1 ժամ 15 րոպեում, հաղորդում է The New York Times-ը:

Այս նախագծով կզբաղվի նրա The Boring Company-ն, որը զբաղվում է խցանումների խնդիրը լուծող թունելների կառուցմամբ: Հավելյալ մանրամասներ ժամկետների, արժեքի մասին դեռևս չեն հաղորդվում, ինչպես նաև ուղևորատար, թե բեռնատար համակարգ է լինելու:

Մասկը նշել է, որ նախագծի վերջնական հաստատման համար դեռ «շատ աշխատանք կա անելու», բայց նա «վստահ է, որ ամեն ինչ արագ կյանքի կկոչվի»: Ինչպես նաև նա նախագիծը սատարող քաղացիներին  կոչ է արել դիմել իշխանության ներկայացուցիչներին, որը կնպաստի ծրագրի արագ ռեալիզացմանը: