Ներկայացվել է Ինժեներական քաղաքի կառուցման ընթացքը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Երևանի Ջրվեժի «Ինժեներական քաղաք»: Տարածքում արդեն պատրաստ են և գործում են երկու թանգարաններ, գրադարան, գրեթե ավարտին է հասցվում ինժեներական ընկերությունների համար նախատեսված գրասենյակային շենքի շինարարությունը։ Կատարված աշխատանքը և ապագա ծրագրերը ներկայացրել է «Նեյշնլ Ինսթրումենթս Հայաստան» ընկերության ղեկավար Արամ Սալաթյանը։

Տիեզերքի թանգարանում ներկայացված են բացառիկ նմուշներ. 1962-ին արձակված «K2» հրթիռային աստղադիտարանի վայրէջքային հատվածը, մի դետալ «Միր» հրթիռից, հայտնի ու ականավոր հայ գիտնականնների լուսանկարներ, կենսագրականներ և այլն:

Մյուսը Գիտության ու տեխնիկայի թանգարանն է։ Մուտքի մոտ հյուրերին դիմավորում է հայկական արտադրության առաջին և միակ մեքենան`70-ականների «Երազը»։

Խորհրդային Հայաստանի ինժեներական և գիտական ներուժն ամփոփված է Գիտության ու տեխնիկայի թանգարանի այս նմուշներում ու լուսանկարներում, որոնք հավաքվել են հանրապետության բոլոր մարզերից, քաղաքներից ու գյուղերից։ Այստեղ կարելի է գտնել հայկական արտադրության էլեկտրական մեքենայի նախատիպը ներկայացնող լուսանկարներ, որի գաղափարը հայ ինժեներները առաջ են քաշել 70-ականներին:

Արամ Սալաթյանը նշեց, որ թանգարանի մեծ մասը նվիրված է Հայաստանի ինժեներության անցյալին, մի փոքր անկյուն էլ հատկացվել է այսօրվա ինժեներական ընկերություններին:

«Ինժեներական քաղաք» նախագիծը դեռ առջևում է։ Նախատեսվում է ստեղծել մի էկոմիջավայր, որտեղ ինժեներական ընկերությունները կգեներացնեն նոր գաղափարներ, սկսնակներին կօգնեն սովորել ու փորձ ձեռք բերել: Ինժեներական քաղաքի կառուցման սպասումով տասնյակ ինժեներական  ընկերություններ գործում են ՁԻՀ բիզնես կենտրոնում։

Երիտասարդ, բայց արդեն փորձառու ինժեներները պատմել են իրագործած նախագծերի, տեխնոլոգիական նոր միտումների վերաբերյալ իրենց հետազոտությունների մասին. 5G ցանցից մինչև ինքնակառավարվող մեքենա ու արհեստական բանականություն։

Արամ Սալաթյանի համոզմամբ՝ հայ ինժեներները քայլում են ժամանակին համընթաց, և իրենց մասնագիտական որակներով կարող են մրցել աշխարհի զարգացած երկրների մասնագետների հետ։ Սակայն նոր ինժեներներ կրթելու և պրոֆեսիոնալներին առաջ մղելու համար «Ինժեներական քաղաքը» կարող է մեծ քայլ առաջ լինել։