Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը ներգրավել է ավելի քան 250 մասնակիցների

Հունիսի 24-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) կայացավ Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը հույս հայտնեց, որ նմանատիպ ֆորում-ցուցահանդեսները կկրեն պարբերական բնույթ՝ ընդգրկելով նաև հանրապետության մյուս տարածքները: Լոռու մարզպես Արթուր Նալբանդյանը նշեց, որ հատկապես կարևոր է նման միջոցառումների անցկացումը Վանաձորում, քանի որ Վանաձորը եղել է խոշոր արդյունաբերական կենտրոն և ունի արդյունաբերական ավանդույթներ:

Միջոցառման նպատակն էր քննարկել ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության և գործարար միջավայրի մարտահրավերները, ինչպես նաև խրախուսել փորձի և գաղափարների փոխանակումը կազմակերպությունների և ոլորտի հիմնական դերակատարների հետ համատեղ:

Համաժողովի օրակարգում էին հետևյալ թեմաները՝

  • Ինժեներական ոլորտ` ընթացիկ զարգացումներ և հաջողության պատմությունները
  • Կրթության և հետազոտությունների մարտահրավերները ինժեներական ոլորտում
  • Առաջադեմ կիրառություններ արտադրական գործընթացներում (Ավտոմատ ինքնակառավարվող մեքենաներ, 5G տեխնոլոգիաների հետազոտություն, Կիսահաղորդիչների փորձարկման լուծումներ, Ռադիոհաճախականային և միկրոալիքային տեխնոլոգիաների կիրառություններ (RF and microwave), Արդյունաբերական իրերի ինտերնետ (IIOT)):

Բանախոսների և մոդերատորների շարքում էին ինժեներական ոլորտի խոշորագույն ընկերությունների ղեկավարներ, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ:

25 տեղական և միջազգային կազմակերպություն, այդ թվում՝ Ֆեստո, Նեյշնլ Ինստթումենթս, Նաիրի-Թեք, Ռաֆա Սոլուշնս, Էլպիդա Էլեկտրոնիքս, Լոկատոր, UAV lab, Անոդ, Սեզամ, ԷՄԲՐԻ ընկերությունները, Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը ցուցադրեցին իրենց  արտադրանքները, լուծումները և ներկայացրին ծառայութունները:

Համաժողով-ցուցահանդեսը ներգրավեց ավելի քան 250 մասնակիցներ՝ ներկայացուցիչներ կառավարութունից, համալսարաններից, գիտահետազոտական ինստիտուտներից, դոնոր կազմակերպություններից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից, ոլորտի ներկայացուցիչներ՝ Հայաստանից և արտերկրից:

Միջոցառումն իրականացավ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության, Լոռու մարզպետարանի, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի, ՏՀՏ գործատուների միության, Յունիքոմփ ընկերության և Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությամբ: