Eventot–ը կտրամադրի ավելի որակյալ տեղեկատվություն սպասվող միջոցառումների մասին

Երեկ՝ փետրվարի 13–ին, հայկական eventot.com ստարտափը գործարկել է սպամի դեմ պայքարի նոր ալգորիթմ, որը կոչված է զտել անորակ ինֆորմացիան և օգտատերերին տրամադրել տեղեկատվություն միայն իրապես սպասվող, որակյալ միջոցառումների մասին։

«Մենք շարունակում ենք պայքարը անորակ միջոցառումների դեմ։ Այսօր մեր տվյալների շտեմարանը դարձավ ավելի ճշգրիտ»,– ասված է նախագծի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տարածված հաղորդագրության մեջ։

Հարկ է նշել, որ այս փոփոխությունը սպասվում էր դեռ մի քանի ամիս առաջ։ Այդ մասին նախագծի ղեկավարները հայտարարել էին դեռ 2012 թ. աշնանը Հայաստանի Հանրային Ռադիոյին տված հարցազրույցում։ Սակայն, նախագծի հիմնադիրներից Վահե Հովհաննիսյանի խոսքերով, կային այլ առաջնահերթություններ, որոնց վրա վերջին ամիսներին կենտրոնացված էին թիմի ռեսուրսները։

Նախագծի համահիմնադիր Արշակ Ուլուբաբյանը, մեկնաբանելով նոր ալգորիթմի գործարկումը, ասաց, որ այն առավել կարևոր է խոշոր մեգապոլիսների համար, որտեղ օրեկան հազարավոր միջոցառումներ են կազմակերպվում, որոնց մեծ մասը ներկայացվում է eventot-ում։ Սակայն մինչև այժմ ներկայացվող միջոցառումներից ոչ բոլորն էին որակյալ և հաճախ օգտատերերի համար դժվար էր գտնել այն, ինչ իրենց կհետաքրքրի։ Նոր ալգորիթմի գործարկումը կոչված է որոշակիորեն լուծելու այս խնդիրը։

Իհարկե, հայաստանցի օգտատերերը ևս կզգան նոր փոփոխությունների դրական արդյունքները։ Քանի որ երևանյան միջոցառումների էջը ևս զերծ չեր աղբ–միջոցառումներից։ Օրինակ, վերջին շրջանում որոշ հայկական ցանցային «լրատվամիջոցներ», տարված «այցելուների որսով», սկսել էին կիրառել սպամի նոր տեսակ՝ սոցիալական ցանցերում ստեղծելով «միջոցառումներ», որոնք ոչ թե իրականում նախատեսվող միջոցառումներ էին, այլ՝ իրենց այս կամ այն նյութը կարդալու և քննարկելու կոչեր։ Եվ, քանի որ Eventot–ը միջոցառումների մասին տեղեկությունները հիմնականում հավաքում է սոցիալական ցանցերից, դրանք հաճախ հայտնվում էին նաև Eventot–ի էջերում։ Նոր ալգորիթմը պետք է բացառի նման կեղծ միջոցառումների առկայություը տեղեկատուի էջերում։

Տեղեկանք.

eventot.com միջոցառումների տեղեկատուն ստեղծվել է 2011 թ. Հայաստանում։

Այն տեղեկատվություն է մատուցում աշխարհի գրեթե բոլոր քաղաքներում նախատեսվող տարաբնույթ միջոցառումների մասին։