Ռոբոտին հեռացրել են աշխատանքից հաճախորդներին գրկախառնվելու պատճառով

Ֆաբիո անունով Pepper ռոբոտին, որն աշխատում էր շոտլանդական Margiotta սուպերմարկետների ցանցի հաճախորդների սպասարկման բաժնում, նրանց հարցերին պատասխանում, օգնում գտնել այս կամ այն ապրանքը, աշխատանքից հեռացրել են, քանի որ չի կարողացել կատարել իր աշխատանքային պարտականությունները և վախեցրել է հաճախորդներին։ Ռոբոտի պատմությունը ներկայացված է BBC-ի Six Robots & Us վավերագրական ֆիլմում։

Ճապոնական արտադրության Pepper ռոբոտները փորձարկվել են բազմաթիվ ոլորտներում` պիցայի առաքումից մինչև էքսկուրսավարություն և խորհրդատվություն։ Շոտլանդական խանութում Ֆաբիոն պետք է գնորդներին ուղորդող տեղեկատվություն մատուցեր, գովազդեր ապրանքները և բացատրեր ինչպես գտնել դրանք։ Առաջին օրերին ռոբոտը, որը համարվում է աշխարհի առաջին էմոցիոնալ անդրոիդը, բոլորին գրավել է իր կատակասիրությամբ և բոլորին գրկախանվելու ցանկությամբ։

Սակայն աշխատանքային պարտականությունները չի կատարել։ BBC-ի հաղորդմամբ` ռոբոտը չի կարողացել հասկանալ խոսքը, տարբերել բառերը և հաճախորդները ստիպված են եղել մի քանի անգամ կրկնել նույն հարցը։ Նա հաճախորդներին առաջարկել է գրկախառնվել և չի կարողացել բացատրել գարեջրի և այլ ապրանքների տեղը, բացի այդ շատ դանդաղ է սպասարկել։ Արդյունքում Margiotta խանութի տերերը նկատել են, որ հաճախորդները խուսափում են ռոբոտից և վախենում.

Փորձաշրջանը չանցնելուց հետո նրան ուղարկել են Heriot-Watt համալսարանի լաբորատորիա, որն էլ Pepper-ին տրամադրել էր էքսպերիմենտի համար։ Լաբորատորիայի ղեկավար Օլիվեր Լեմոնի (Oliver Lemon) խոսքով` սուպերմարկետի աշխատակիցները հասցրել էին սիրել ու կապվել Ֆաբիոյի հետ, նույնիսկ նրանցից մեկը հուզվել է, երբ նրան հեռացրել են։