Facebook-ը աշխատում է մեծ ճնշման տակ․ Մարկ Ցուկերբերգ

Facebook ընկերության նախագահ Մարկ Ցուկերբերգը ղեկավար պաշտոններ զբաղեցնող մոտ 50 աշխատակիցների հետ հանդիպմանը հայտարարելու է  «պատերազմական պայմաններ»-ում աշխատելու մասին, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Հրապարակման համաձայն՝ Ցուկերբերգն ասել է, որ ներկայում ընկերությունը գտնվում է ներդրողների, օրենսդիրների և դժգոհ օգտատերերի խիստ ճնշման տակ, ուստի որոշիչ գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն կա:

Հանդիպման ժամանակ Մարկ Ցուկերբերգը կոչ է արել ղեկավար անձնակազմին ավելի արագ և հստակ որոշումներ կայացնել՝ մասնավորապես դանդաղեցնել Facebook-ի օգտատերերի թվի աճը, և մեծ ուշադրություն դարձնել անվտանգության խնդիրներին:

Wall Street Journal-ը նշում է, որ Ցուկերբերգի նոր մոտեցումը ընկերությունում ծանր իրավիճակ է ստեղծել, որը մի քանի առանցքային ղեկավարների հրաժարականի և տարբեր հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառ է դարձել: