Facebook-ը լուծում է անհարմար պահերին զանգերի խնդիրը․ նոր հավելված՝ CatchUp

Facebook-ի թիմը, ի թիվս բազմաթիվ նոր հավելվածների, ներկայացրել է ձայնային զանգեր կատարելու նոր հավելվածը՝ CatchUp-ը։ Այն ցույց է տալիս Ձեր կոնտակտներին` Դուք երբ եք պատրաստ շփվելու։

Facebook-ի հետազոտությունները ցույց են տվել, որ գլխավոր պատճառներից մեկը, որից ելնելով մարդիկ չեն զանգահարում իրենց ընկերներին ու հարազատներին, այն է, որ նրանք չգիտեն, թե վերջիններս պատրա՞ստ են արդյոք խոսել այդ պահին։ Կամ էլ զգուշանում են, որ կարող են շատ անհարմար պահի կապվել նրանց հետ։ CatchUp-ը գալիս է լուծելու այդ խնդիրը։ Այն առանձին հավելված է, որը կապված չէ Facebook-ի հավելվածի հետ։ Օգտատերերն անգամ Facebook-ում գրանցվելու կարիք չունեն։ Կոնտակների ցանկը ձևավորվելու է ոչ թե ֆեյսբուքյան ընկերներից, այլ հեռախոսի կոնտակտներից։ Այսինքն Ձեզ հետ կարող են կապ հաստատել բոլոր այն մարդիկ, որոնք կան Ձեր կոնտակտներում, ու օգտագործում են նոր հավելվածը։ Որպեսզի ցույց տաք, որ Դուք պատրաստ եք խոսել, ընդամենը հավելվածի ռեժիմը դնում եք «Պատրաստ եմ բլբլալ» ու վերջ։

Հավելվածում հասանելի կլինեն նաև խմբակային զանգերը։ Հիմա այն փորձարկման շրջանում է iOS և Android համակարգերի համար։