Facebook-ի նոր դիզայնը․ ի՞նչ նոր բան կա

Փետրվարից facebook-ը սկսել է թեստավորել համակարգչային տարբերակի նոր դիզայնը։ Օգտատերերի մոտ այն սկսում է հայտնվել աստիճանաբար։ Կապույտ սոցցանցը դեռ ոչ բոլորին է առաջարկել փորձել նոր տարբերակը։ Ընդ որում, նոր դիզայնը իմպերատիվ կերպով չի տարածվում, ինչպես YouTube-ը։ Այն տալիս է ընտրության հնարավորություն՝ շարունակել աշխատել նոր տարբերակով, կամ մնալ դասական ինտերֆեյսում։ Իհարկե, սա ժամանակավոր է։ Կախված արձագանքներից, սոցցանցը կորոշի՝ ամբողջությամբ անցնել նոր տարբերակին, թե՞ մնալ դասական ինտերֆեսյում, գուցե որոշ ժամանակ անց բոլորովին այլ բան առաջարկի։ Ինչևէ, եկեք տեսնենք՝ ինչ նոր բան կա թարմացված տարբերակում և ընդհանրապես, արժե՞ անցնել դրան, թե՞ շարունակել օգտվել դասական ինտերֆեյսից։

Կա նոր դիզայնի երկու տարբերակ՝ լուսավոր, որտեղ ավելի շատ սպիտակ գույն կա, քան դասական տարբերակում, և ավելի մուգ ռեժիմ, որտեղ էլ սևն է ավելի շատ։ Առաջինն աչքի ընկնող փոփոխություններից է ավելի մեծ տառատեսակը, ինչն իհարկե առավելություն է։

Նախկինի պես էկրանը բաժանված է երեք սյունակների, ու այսքանով ավարտվում են դասական տարբերակի հետ բոլոր ընդհանրությունները։

Կայքի վերին հատվածը, որտեղ տեղակայված էին Home, My page, Messenger, Notifikations և Search կոճակները, նույնպես բաժանվել է  երեք մասի, կան նաև հետաքրքիր հավելումներ։  

Home(ավելի ճիշտ ֆեյսբուքի լոգոտիպը, որը հագեցած է այդ կոճակով) և Search կոճակները տեղափոխվել են էկրանի վերին ձախ ակնյուն։ search-ի պատուհանն էլ շատ տեղ չի զբաղեցնում, ինչպես դասական տարբերակում էր։ Այն ավելի շատ մոտեցրել են Mobile տարբերակին։ Ամենամեծ առավելությունն այն է, որ փնտրելու ժամանակ բացված պատուհանը, որը ըստ որոնման արդյունքների տարբերակներ է առաջարկում, էջի կեսը չի փակում, այլ ՝ ձախ անկյունում բացվում է շատ կոմպակտ պատուհան։

Մի նորարություն էլ կա։ Որևէ բան որոնելուց հետո առաջարկված տարբերակներն արդեն հստակ խմբավորվում են։ Որոնվող նյութերը տեսակավորող (մարդ, էջ, հրապարակում) պատուհանը անցել է էկրանի ձախ հատված, նախկին, վերին հատվածի փոխարեն, ինչն ավելի ինտուիտիվ է դարձնում օգտվելը։ Որպես նվեր ավելացել է նաև մի կոճակ, որի շնորհիվ դուք կարող եք փնտրել այն հրապարակումը, որը տեսել եք։

Էկրանի ձախ հատվածում, քիչ ավելի ներքև տեղակայվել է այն պատուհանը, որտեղ page manager-ն է, մոտակա իվենթները և այլն։ Ի տարբերություն դասական տարբերակի, նոր տարբերակում չեն առանձնացվում այն բիզնես էջերը, որոնցից ամենահաճախն եք օգտվում։ Դա մի փոքր բարդացնում է գործը, քանի որ ստիպված ես մի քանի քայլ ավելի անել։

Կենտրոնական հատվածում ամեն ինչ գրեթե նույնն է՝ նորությունների ժապավենը։ Փոփոխությունները միայն վերին հատվածում են։ Վերևում ընդամենը չորս կոճակ է մնացել՝  Home, Videos, Groups և մեկ նորություն՝ Gaming: Սա  նույնպես հիշեցնում է Mobile տարբերակը։

Որևէ գրառում կատարելու պատուհանն ավելի փոքր է դարձել, ու վիզուալ ավելի հարմար է դարձել օգտվելը։

Անցնենք էկրանի աջ հատված։  Վերին անկյունում  Տեղակայվել են My Page, Create, Messenger, Notifications և Account կոճակները։ Սրանց դեպքում փոխվել է միայն տեղը։ Հետո ներքևից բացվում է չաթերի պատուհանը։ Չաթերի ներսում որոնման պատուհանը տեղափոխվել է ավելի վեր և սեղմելու դեպքում արդեն առանձին պատուհան է բացվում։ Սա ավելի հարմար տարբերակ է, քան դասական տարբերակում, երբ մկնիկի կուրսորը հեռացնելու կամ պատահաբար որևէ այլ տեղ սեղմելու դեպքում ստիպված էիր լինում  նորից որոնել։  Մի խոսքով, ամեն ինչ արել են Moile տարբերակին մոտեցնելու համար։

My page բաժնում ֆունկցիոնալ փոփոխություն գրեթե չի եղել։ Փոխվել է միայն դիզայնը։ Այս տարբերակն ավելի ինտուիտիվ է դարձրել քո կամ ընկերոջդ էջում որևէ բան գտնելն ու հասկանալը։ Ուշադրություն շեղող ոչինչ չկա։

Messenger բաժնում, նամակները փոքրիկ սյունակով բացվում են էկրանի աջ անկյունում և կրկին չեն փակում ամբողջ տեսադաշտը։

Վերացել է Friends պատուհանը, որտեղ դուք կարող էիք տեսնել, որ Ձեզ ընկերության հայտ են ուղարկել։ Այժմ այդ կարգավորումը տեղափոխվել է Notifications բաժին։

Account բաժնում բացի դասական կարգավորումներից ավելացել է երկու հավելյալ կարգավորում` Dark mode կարգավորումն անջատելու կոճակն ու դասական տարբերակին վերադառնալու հնարավորությունը։

Ինչ վերաբերում է բիզնես էջերին, այստեղ գրեթե ամեն ինչն է փոխվել։ Այլևս չկա վերին հատվածի պատուհանը, որտեղից հնարավոր էր մտնել կարգավորումներ բաժինը։ Բոլոր այդ կարգավորումները բաց վիճակով տեղափոխվել են էկրանի ձախ անկյուն։

Բոլորիս նյարդայնացնող բաժինները՝ լուսանկարներ, պոպուլյար հրապարակումներ, որոնք ստիպված էին անցնել, մինչև բուն էջին հասնելը, տեղափոխվել են կենտրոնական ձախ հատված և էջը մտնելիս անմիջապես տեսնում ենք էջի վերջին հրապարակումը։

Ընդհանուր առմամբ նոր դիզայնով կապույտ սոցցանցն ավելի ինտուիտիվ է դարձել, ինչու չէ, նաև ավելի գեղեցիկ։  Չհաշված փոքր ու եզակի անհարմարությունները, այս տարբերակն աշխատելու համար շատ ավելի հարմար է։ Ես ընտրում եմ նոր դիզայնը։ Հատկապես Dark mode  տարբերակը, քանի որ ուշադրությունն ավելի հեշտ է կենտրոնացնել ուզածդ բաշնի կամ կարգավորման վրա և հայացքդ չի լողում էրկանով մեկ։

Աղվան Ասոյան