Facebook-ը հերքում է, որ սոցցանցը դարձել է հաքերների զոհ

l_12919Մարկ Ցուկերբերգի սոցցանցի ներկայացուցիչները հայտարարել են, որ այսօր սոցցանցի և նրան պատկանող Instagram հավելվածի անհասանելի լինելը կապված չէ հաքերային հարձակման հետ։ Ծառայությունները շարքից դուրս են եկել փոփոխություններ անելու փորձի պատճառով։

«Խնդիրը չի ծագել կողմնակի հարձակման պատճառով, այլ տեղի է ունեցել մեր միջամտությունից հետո, երբ փոփոխություններ ենք մտցրել համակարգում։ Խնդիրն արագ լուծվել է, և Facebook-ն ու Instagram-ն արդեն հասանելի են բոլորին»,- Wall Street Journal-ի հետ զրույցում նշել է Facebook-ի ներկայացուցիչը։

Ավելի վաղ The Lizard Squad հաքերային խումբը, որը նախկինում հայտնի է դարձել PlayStation Network խաղային ցանցն ու մի շարք կայքեր շարքից հանելով, իր վրա է վերցրել Facebook-ի ու Instagram-ի խափանումը։

Նշենք, որ սոցցանցը անհասանելի է դարձել օգտագործողներին այսօր առավոտյան՝ Երևանի ժամանակով 10:10-ին։

Աղբյուրը՝ The Wall Street Journal