Facebook-ը կօգնի ինքնասպանության մասին մտածող օգտագործողներին

Facebook սոցիալական ցանցը հայտարարել է, որ կավելացնի նոր ֆունկցիաներ, որոնք կօգնեն ինքասպանության մասին մտածող օգտագործողներին իրենց վնաս չպատճառել։

Այդ նպատակով սոցցանցը խորհրդակցել է հոգեբանական աջակցություն տրամադրող մի քանի ընկերությունների հետ (Forefront, Now Matters Now, Save.org և այլն), որպեսզի պարզի, թե ինչպես պետք է օգնել այն մարդկանց, ովքեր հրապարակում են ինքնասպանության մտքեր պարունակող գրառումներ։

Օգտագործողի ընկերները կկարողանան նշել նման վտանգավոր գրառումները, և հեղինակը կստանա ծանուցում այն մասին, որ «ընկերները կարծում են, որ Դուք գտնվում եք ծանր վիճակում»։ Սոցցանցը կառաջարկի գրել ընկերներից որևէ մեկին կամ զանգել հոգեբանական աջակցության կենտրոն՝ օգնություն ստանալու նպատակով։

Ֆունկցիան կհայտնվի սոցցանցում մի քանի ամսվա ընթացքում, սկզբնական շրջանում միայն ԱՄՆ-ում, իսկ հետո՝ նաև այլ երկրներում։

Աղբյուրը՝ facebook