Facebook-ը կնվազեցնի մեդիա հրապարակումների ցուցադրությունները

Facebook-ը փոխում է իր լրահոսի աշխատքային մեխանիզմը։ Սոցցանցի լրահոսում այսուհետև կնվազեն բիզնեսների, բրենդների և մեդիաների հրապարակումները: Այս մասին հայտնել է Մարկ Ցուկերբերգն իր էջում։

Նրա խոսքով` լուրերի ու բիզնես հրապարակումները խոչընդոտում են օգտատերերի միջև միջանձնային շփումներին և այս քայլով ցանկանում են խթանել սոցիալական ցանցը հենց այդ նպատակով օգտագործելը։ Facebook-ի հիմնադիրը նշել է, որ այժմ իրենց նպատակն է օգնել ավելի իմաստալից սոցիալական փոխազդեցություններ հաստատել: Ըստ նրա` իրենց հետազոտությունները ցույց են տվել, որ ընկերների ու մտերիմների հետ ավելի հաճախ շփումը կարող է նպաստել օգտագերերի բարեկեցությանը։ Սա կօգնի միայնակ չզգալ սոցցանցում, ավելի երջանիկ ու առողջ լինել։

«Մենք մեր համայնքից արձագանք ենք ստացել, որ բիզնեսների, բրենդների և մեդիաների հրապարակումները ճնշում են միջանձնային շփումները։ Նման փոփոխություններ ներմուծելով՝ ես ակնկալում եմ, որ մարդիկ ավելի քիչ ժամանակ կսկսեն անցկացնել Facebook-ում, կնվազի կայքի այցելությունների համար առիթների քանակը: Սակայն ես ակնկալում եմ, որ ժամանակը, որը դուք անցկացնում եք Facebook-ում, ավելի արժեքավոր և օգտակար կդառնա»,- գրել է Ցուկերբերգը։

Նշենք, որ փոփոխությունները տեղի կունենան առաջիկա շաբաթների ընթացքում, այս ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են մեկ տարի առաջ։

https://www.facebook.com/zuck/posts/10104413015393571