Տվյալներ հավաքագրվում են նաև սոցցանցերում չգրանցված մարդկանցից. Սամվել Մարտիրոսյան

Վերջին շրջանում համացանցաբնակների մոտ մեծ աղմուկ էր բարձրացրել այն երևույթը, որ Facebook սոցիալական ցանցը օգտատերերի անձնական տվյալները, այդ թվում նաև նամակագրության և զանգերի պատմությունը, փոխանցել էր երրորդ կողմին` Cambridge Analytica ընկերությանը։ Չնայած սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ներողություն էր խնդրել օգտատերերից և վստահեցրել, որ նման բան այլևս երբեք չի կրկնվի, օգտատերերի դժգոհության ալիքը չի հանդարտվել։ Այդ առիթով  ՏՏ անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ սոցիալական կայքերից օգտատերերի անձնական տվյալների   արտահոսքը նորություն չէ և Facebook–ը դա արել է առանց օրենքներին և կանոններին հակասելու։

«Առաջինը` փաստացի Cambridge Analytica ընկերությունը չի խախտել խաղի կանոնները, այսինքն Facebook–ը թույլ է տալիս այդ տվյալները վերցնել մարդկանցից։ Իսկ այդ տվյալները մարդկանցից վերցրել են ֆեյսբուքյան թեստերի միջոցով։ Այդ ժամանակ նման թեստերն մեծ հնարավորություն էին տալիս  և Facebook–ում, վախենալով, որ այս ամենը կբացահայտվի, նվազեցրել են թեստերի այդ հնարավորությունները», –նշում է Սամվել Մարտիրոսյանը։

Զարգացող սոցցանցային խառնաշփոթի արդյունքում, Facebook–ը արգելափակեց 5–6 ամիս հնությամբ օգտագործված բոլոր հավելվածները։

«Եթե դուք ինչ–որ թեստ եք լրացրել ու մոռացել եք դրա մասին, փաստացի  այդ հավելվածը նստած է ձեր ֆեյսբուքյան էջում ու կարող էր շարունակել տեղեկատվություն հավաքել։ Հիմա, եթե դա կես տարի վաղեմություն ուներ, դրանք արգելափակվել են, իսկ մյուսների դեպքում թույտվությունները իջացվել են։ Փաստացի` այսօր հավելվածներին թույլ է տրվում ստանալ միայն մարդու պրոֆիլի տվյալներն ու էլեկտրոնային փոստը, որը նույնպես լավ չի։ Էլեկտրոնային փոստը չպետք է տալ ոչ մեկին, որովհետև դա հաքերային հնարավոր հարձակման վեկտոր է`եթե մարդ գիտի, որ այդ էլ. հասցեով եք գրանցված սոցցանցերում, պրոֆիլը խոցելի է դառնում, որովհետև կարող է նամակագրության միջոցով փորձեն հարձակվել  պրոֆիլի վրա»,–մանրամասնում է Սամվել Մարտիրոսյանը։

Մասնագետի կարծիքով հիմնական խնդիրը սոցցանցային անզգուշությունն է, բայց, եթե հարցին նայենք գլոբալ, բոլոր սոցցանցերն էլ օգտատերերի մասին տեղեկատվություն են  հավաքագրում, պարզապես ուրիշ հարց է, թե ինչպե՞ս ու ի՞նչ նպատակներով են օգտագործվում։

«Մի քանի տարի առաջ Facebook–ը իր օգտատերերի հետ «պայմանագիրը» թարմացրեց, այսինքն` բոլոր օգտատերերը ստիպված եղան նորից մուտք գործել ու համաձայնել պայմանենրին։ Այդ պայմանագիրը ուներ հստակ տեղեկություն այն մասին, որ Facebook–ը մեր մասին տվյալնեը վաճառելու է երրորդ կողմին և դրանք լինելու են շատ մանրամասն, բայց մաքրված մեր անհատականությունից` Երևանում կա ապրող բժիշկ, 30–35 տարեկան, որը հետաքրքրվում է կինոներով, սիրում է թեյ, բայց չի սիրում սուրճ։ Մոտավորապես այսպես պետք է լիներ։ Սա հստակ անձին չի նշում, բայց բավականին նեղ մարկետինգային սեգմենտավորում է տալիս։ Բնականաբար, այսպիսի տվյալներ ունենալով, տարբեր կազմակերպություններ կարողանում են գովազդային ու քաղաքական քարոզարշավներ կազմակերպել։ Cambridge Analytica–ն տարբերվում է նրանով, որ տեղեկատվությունը ինքնուրույն է հավաքել։ Եվ թեման իրականում փակված չէ, ավելին ասեմ` Facebook–ը հավաքագրում է տվյալներ ոչ միայն գրանցված օգատատերերց։ Եթե դուք չկաք այդ ցանցում, բայց այցելում եք այնպիսի կայքեր, որտեղ կան like և share ֆեյսբուքյան կոճակներ, սոցցանցը իդենտիֆիկացնում, ստեղծում է «ստվերային պրոֆիլ» և այդ մարդուն սկսում է նույն ձևով հետևել ու տվյալներ հավաքել»,– մանարամասնում է փորձագետը։

Ի հավելումն այս ամենի` Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ սոցցանցից ջնջվելը բավական չէ, որպեսզի այն դադարի ձեր մասին տեղեկատվություն հավաքել, նույնը անում են նաև մնացած բոլոր խոշոր սոցցանցերն ու որոնողական համակարգերը։

Սյուզան Թոսունյան