«Facebook-ին տարիներ են պետք սխալների ուղղման համար». Մարկ Ցուկերբերգը 2018-ի մասին

Facebook սոցցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգն ամփոփել է անցնող 2018 թվականը՝ ընդգծելով, որ ընկերությանն այս տարի բաժին են հասել շատ դժվարություններ: Այդ մասին նա գրել է սոցցանցի իր էջում:

Ըստ նրա՝ Facebook-ը բախվել է խնդիրների, ինչպիսին են՝ ընտրություններին հնարավոր միջամտությունը, ապատեղեկատվությունը, տվյալների արտահոսքը և այլն:

«Եթե ազնիվ լինենք, ապա այս խնդիրների լուծման համար կպահանջվեն տարիներ»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ ընկերությունը մշակել է իր աշխատանքի բարելավմանն ուղղված մանրակրկիտ ծրագրեր: Facebook-ի ղեկավարը խոստովանել է, որ անցյալում դրան բավարար ուշադրություն չի դարձվել:Հիշեցնենք, որ այս գարնանը հայտնի էր դարձել, որ Facebook-ի օգտատերերի անձնական տվյալների զանգվածային արտահոսքի պատճառով բրիտանական Cambrigde Analytica ընկերության տրամադրության տակ կարող են հայտնված լինել 50-200 մլն օգտատերերի մասին տեղեկություններ: Այս միջադեպի հետևանքով ընկերությունը հայտնվել էր զանգվածային սկանդալի կենտրոնում: