Մեկնարկեց ԴիջիԹեք բիզնես ֆորումը

Երևանում մեկնարկել է «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող 9-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը: Միջոցառումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից:

12509_am_1«Այս միջոցառումը, որն արդեն կազմակերպվում է 9-րդ անգամ, կարևոր հարթակ է տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումների ներկայացման, նոր գործարար և ներդրումային հնարավորությունների հայտնաբերման, համագործակցության խթանման և փորձի փոխանակման համար: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից է»,-ողջունելով հյուրերին` ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նշենք, որ ԻՏՁՄ-ն նպատակ ունենալով ՏՏ ոլորտի ներուժի օգնությամբ աջակցել ռազմարդյունաբերական համակարգի զարգացմանն՝ այս տարի ԴիջիԹեք բիզնես ֆորումի շրջանակում իրականացնում է ռազմարդյունաբերական համալիրի և տեխնոլոգիական ոլորտի համագործակցության շուրջ մասնագիտական քննարկումներ: Ֆորումի շրջանակում կհամախմբվեն նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և տնտեսության այլ ոլորտների ներկայացուցիչներն ու մասնագետները, ովքեր կանցկացնեն քննարկումներ և կներկայացնեն գործնական առաջարկներ՝ ուղղված ՀՀ տնտեսության այլ ճյուղերի զարգացմանը:

ԻՏՁՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ittrend.am-ի հետ զրույցում նշեց, որ ռազմարդյունաբերական համալիրի և տեխնոլոգիական ոլորտի համագործակցության մասին քննարկման ժամանակ ներկա են լինելու բարձրաստիճան ներկայացուցիչներ պաշտպանության նախարարությունից, ինչպես նաև ՏՏ ոլորտից: «Նմանատիպ ձևաչափով քննարկումների ժամանակ ռազմական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը արդեն իսկ կարելի է համարել դրական առաջընթաց»,-ասաց նա:

ԴիջիԹեք բիզնես ֆորումի շրջանակում կքննարկվեն նաև Մաքուր տեխնոլոգիաների (Քլինթեք) տարածաշրջանային հարթակ ստեղծելու մանրամասները: Այս առիթով Հայաստան կժամանեն Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Ուկրաինայի կառավարության ու գիտահետազոտական կենտրոնների, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կենտրոնների  ներկայացուցիչները: Ֆորումի մասնակիցները կքննարկեն Մաքուր տեխնոլոգիաների տարածաշրջանային հարթակ ստեղծելու հնարավորությունները:

ԴիջիԹեք բիզնես ֆորումի ամբողջական օրակարգն՝ այստեղ:

B2B (Business to business) ձևաչափի այս ֆորումի հիմնական մասնակիցներն են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, առաջատար ընկերությունների ղեկավարներ, ՏՀՏ պատասխանատուներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՏՀՏ լուծումներ առաջարկող ընկերություններ, խորհրդատվական ընկերություններ և այլն: