«Բանակից` ՏՏ ոլորտ» ծրագրի մասնակիցները իրենց հիմնած սթարթափը կներկայացնեն ԴիջիԹեքում

«Բանակից` ՏՏ ոլորտ» ծրագրի մասնակիցները իրենց հիմնած սթարթափը կներկայացնեն ԴիջիԹեքում 2017-ում: Հովհաննես Մկրտչյանը «Բանակից՝ ՏՏ ոլորտ» ծրագրի շրջանավարտներից է, մասնակցել է ապրիլյան պատերազմին, ավարտել զինծառայությունը, այնուհետև մասնակցել ԻՏՁՄ-ի «Բանակից՝ ՏՏ ոլորտ» նախաձեռնությանը։

Նա «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում խմբավար է աշխատում, տարբեր ծրագրերում դասընթացավար է, այժմ արդեն ուսուցանում է զորացրված այլ տղաների։ Ասում է, որ բանակում ծառայած իր շատ ընկերների խորհուրդ է տվել մասնակցել այդ դասընթացներին, և մի մասն արդեն աշխատում է։

Զինծառայողները բավականին տեղեկացված են «Բանակից՝ ՏՏ ոլորտ» անվճար դասընթացների մասին, բայց շատ ավելի լավ կլինի, եթե զորամասերում այդ մասին տեղեկատվական պաստառներ փակցվեն։

Հովհաննեսը նշում է, որ 7-հոգանոց այն խմբից, որտեղ ինքն էր սովորում, չորսն աշխատանքի են ընդունվել։ Նա ընդգծում է, որ այս ծրագրի մասնակիցները ֆինանսապես անկախ են դառնում. որևէ ռեսուրս չես օգտագործում. քո գիտելիքներն են, որոնք կարողանում ես կապիտալի վերածել։

Զորացրված և ՏՏ դասընթացներին մասնակցող ներկայիս խմբի անդամ Արամ Բաբայանի գաղափարի շուրջ Հովհաննես Մկրտչյանը համախմբել է դասընթացի սաներին, ու համատեղ ստեղծել են ավտոմեքենաների կայանման բջջային հավելված, որը վարորդներին տեղյակ է պահում անհրաժեշտ տարածքում ազատ կայանատեղերի մասին։ Այս հավելվածը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը կայանալիք ԴիջիԹեք 2017 տեխնոլոգիական ցուցահանդեսին ներկայանալու են առանձին սթարթափով և ցուցադրելու են իրենց նորաստեղծ հավելվածը, ինչպես նաև՝ «Բանակից՝ ՏՏ ոլորտ» ծրագիրը։ Ազատ կայանատեղերի մասին լուծումը գործում է iOS և Android համակարգերում, ԴիջիԹեքում այս լուծումով մասնակցելու նպատակն է հանրայնացնել այն, ունեն կոմերցիոն նպատակներ։

Նունե Գրիգորյան