Ֆուբոյին փնտրելիս. ամերիկացին 35 հազար դոլար է ծախսել ինտերնետում իրեն զրպարտողին բացահայտելու համար

Երբեք մի՛ կարդացեք մեկնաբանությունները:

2011թ. դեկտեմբերի 28-ին Բիլ Հադլին կարդում էր մեկնաբանություններ: Դա Ֆրիփորթի Journal Standard-ում թողարկված մի հասարակ հոդված էր շրջանային խորհրդում վերջերս ազատված պաշտոնում Հադլիի առաջադրման մասին: Սակայն մեկնաբանություն թողնողներն այնքան էլ քաղաքավարի չէին: «Հադլին մի Սենդասկի է, որը պետք է բացահայտվի, – գրել էր մեկնաբանողներից մեկը, որը ներկայացել էր «Ֆուբոյ» (Fuboy) անվամբ, – Ուշադրությո՛ւն դարձրեք, թե իր տան դռնից ինչպիսի տեսարան է բացվում դեպի Էմփայրը (Empire) [կրտսեր դպրոց]»:

Դա կոպիտ մեկնաբանություն էր, բայց ոչ անսովոր. այն համահունչ էր մեկնաբանությունների բաժնում հաճախ հանդիպող անձնական թշնամանքին: Սակայն Հադլիի համար այս մեկնաբանությունն արդեն չափազանց էր, և նա որոշեց գտնել դրա հեղինակին: «Ֆուբոյին» բացահայտելու իր ջանքերը սկիզբ դրեցին իրավական մի պատմության, որը տևեց չորս տարի և ցնցեց Ֆրիփորթի իրավական ու քաղաքական ողջ համայնքը:

Այդ ժամանակ Հադլին վերադառնում էր շրջանի քաղաքականություն երեք տարի մասնավոր գործունեությամբ զբաղվելուց հետո: Նա ամբողջ կյանքում հանրապետական էր եղել և 2002-2008թթ. աշխատել էր Սթիվենսոնի շրջանային խորհրդում: Երբ խորհրդի ամդամներից մեկը 2011թ. ազատվեց աշխատանքից այն բանից հետո, երբ բացահայտվել էր, որ շրջանում չի ապրում, Հադլին որոշեց ազատ տեղի համար ուժերը փորձել: Նա հատկապես քննադատորեն էր մոտենում վերջերս ձեռք բերված մի համաձայնության, որով Mill Race Crossing կոչվող արդյունաբերական պարկի ֆինանսավորման համար 5,5 միլիոն դոլար վարկ էր վերցվել: «Շրջանային խորհրդի որոշ նիստեր միայն նայելուց արյանս ճնշումը բարձրանում է, – նա ասել էր The Journal Standard-ին այն հոդվածում, որը դրդել էր «Ֆուբոյին» թողնել մեկնաբանությունը, – Այդ պարտքը մենք կթողնենք մեր երեխաներին և թոռներին: Ֆինանսական առումով դա պատասխանատու մոտեցում չէ»:

Թվում է, թե «Ֆուբոյի» մեղադրանքին ոչ ոք լուրջ չէր վերաբերվել, սակայն տեղի բնակիչներն ուզում էին պարզել, թե ով է դրա հետևում կանգնած: Ֆրիփորթը Իլինոյսի հյուսիս-արևելքում գտնվող մի փոքր քաղաք է, որտեղ քաղաքական կյանքը ավանդաբար բավանակնին աշխույժ է, ուստի շատերն այդ մեկնաբանությունն ընկալեցին որպես տեղական շրջանների՝ ծայրահեղ վիճակի հասնելու նշան: Անանուն մի բլոգ, որը բացառիկ քննադատության էր ենթարկում Mill Race-ի գործարքը, կասկածեց գործարքի ամենախոշոր կողմնակցին՝ շրջանային խորհրդի նախագահ Ջոն Բլամին (Բլոգը, որը կոչվում է The Blumdoggle, նվիրված է անձամբ Բլամի վրա հարձակումներ գործելուն): Գրառումներից մեկում, որը վերնագրված էր. «Կին ծեծող Ջոն Բլամը», կայքը պնդում էր, որ մեկնաբանությունը Բլամի և Հադլիի միջև անընդհատ տևող թշնամանքի զարգացումներից էր: «Հադլիի դեմ ուղղված «փսփսոցների» արդյունավետ արշավի միջոցով Ջոն Բլամին չորս տարի առաջ հաջողվեց այնպես անել, որ իր կամակատար Փիթ Ուիլգինգը Հադլիին հաղթի ընտրություններում, – գրում էր The Blumdoggle-ը, – Պարզ է, որ Բիլ Հադլիին զրպարտելով զբաղվող մարդը կամ մարդիկ Ջող Բլամի կողմնակիցներն են»:

Հաջորդ կասկածյալը Ֆրիփորթի այն ժամանակվա քաղաքապետ Ջորջ Գոլրափն էր, ով սերտորոն համագործակցել էր Բլամի հետ: Սակայն Blumdoggle-ում մենկաբանողները թերահավատորեն էին վերաբերվում այդ վարկածին: «Եթե սա Գոլրափը կամ Բլամը լիներ, ապա թերթը նրանց կտար այդ մեկնաբանությունը թողնող անձի անունն ու համարը», – գրել էր նրանցից մեկը:

Այդուհանդերձ, Հադլին գործով սկսեց անձամբ զբաղվել: Նոր տարուց հետո Հադլին զրպարտության մեղադրանքով բողոք ներկայացրեց ««Doe a/k/a Fuboy» բաժանորդի» դեմ՝ պահանջելով առնվազն 50 հազար դոլլար՝ որպես վնասի փոխհատուցում: «Ահա և ամբողջ պատմությունը: Ես չեմ ցանկանում կործանել որևէ մեկին, – ասել էր նա տեղական թերթերից մեկին տված հարցազրույցի ժամանակ, – Ես ցանկանում եմ պարզել, թե ով է իմ մասին այդպիսի բան ասել»: Ուշագրավ է, որ բողոքի մեջ մասնավորեցվում է, որ «Ֆուբոյը» «Իլինոյսի Սթիվենսոն շրջանի չափահաս բնակիչ է»: Էլ ո՞վ կարող էր իմանալ, որ Հադլին ապրում է տեղի դպրոցի հանդիպակաց մայթում: Սակայն անգամ այդ պարագայում դեռ 37 հազար հնարավոր կասկածյալներ են մնում:

Այդ ցանկը ստուգելը մասշտաբային մի նախաձեռնություն կլիներ: The Journal Standard-ը իր մեկնաբանողների «IP» հասցեներն ուներ, սակայն առանց դատարանի որոշման նա չէր կարող այդ տեղեկությունը տրամադրել: Այդ որոշումը ստանալու համար մի քանի ամիս պահանջվեց, սակայն 2012թ. մարտին «Ֆուբոյի» «IP» հասցեն հայտնի դարձավ: Հադլին տեսավ, որ այն պատկանում է Comcast-ի ցանցին, իսկ դա նշանակում էր, որ անհրաժեշտ է ևս մի որոշում, որը կպահանջի այդ հաշվի տիրոջ անունն ու վճարումների հասցեն: Սրա համար նա դիմեց Իլինոյսի գերագույն դատարանին: Ամեն անգամ փաստարկը նույնն էր. հիմքեր կային պնդելու, որ Սանդուսկիի մեկնաբանությունը զրպարտություն է, ուստի մեկնաբանողի ինքնությունն անհրաժեշտ էր պարզել նրան դատի տալու համար:

Հադլիի փնտրտուքը անանուն բլոգերներին անընհատ բացահայտելու գործընթացի շատ ավելի բարդ տարբերակն էր: Եթե հնարավոր լիներ ծառայություններ մատուցող այնպիսի մի ընկերության, ինչպիսին Comcast-ն է, դատական կարգով ստիպել բացահայտել օգտագործողի գրանցման վերաբերյալ տեղեկատվություն, ապա ի սկզբանե անանուն կայքերին էլ հնարավոր կլինի դատարան բերել իսկական անուններով, որը տարբեր մակարդակներում աշխարհում կիրառվող գործընթաց է: Բոլորովին վերջերս Microsoft-ը քննադատության ենթարկվեց Թայլանդից մի այլախոհի անուն տեղական դարատանների պահանջով հրապարակելու համար:

Հադլիի պարագայում «Ֆուբոյը» երրորդ կողմ հանդիսացող կայքի մեկնաբանող էր, իսկ այս հանգամանքը ևս մեկ քայլով երկարացնում էր գործընթացը: Նախքան ծառայություններ մատուցող ընկերությանը դիմելը նա պետք է դատարանի որոշումը ստանար հենց այն կայքից, որտեղ թողնվել էր մեկնաբանությունը: Այդ լրացուցիչ քայլը (և դրան ուղեկցող ժամանակի և օրինական ծախսերը) սովորաբար բավական էր հայցվորների մտադրությունը փոխելու համար, սակայն նրանք ավելի ու ավելի շատ են ուզում դիմել այդ քայլին: Զրպարտության հետ կապված նմանատիպ գործերի միջոցով նախկինում ջանացել են բացահայտել Reddit-ի օգտագործողների և Twitter-ի հաշիվներ: Դրանցից մեկում դերասան Ջեյմս Վուդը դատի էր տվել Twitter-ի անանուն մի հաշվի, որը հայտարարել էր, թե ինքը կոկաինից կախվածություն ունի: Այդ գործերից ոչ մեկն էլ մաքուր հաղթանակ չի տարել, սակայն դրանց արդյունքում սովորաբար հարցը կա՛մ կարգավորվում է, կա՛մ էլ վերածվում երկարատև ու թանկ դատավարությունների:

Չնայած այս միտմանը՝մեկնաբանություններ թողնելու բաժինների մեծ մասը թույլ անանունություն են ենթադրում: Զրպարտության գործերով զբաղվող փաստաբան Օլիվիերա Մեդենիկան ասում է, որ սրա պարճառներից մեկը զրպարտության մասին օրենքի անորոշությունն է: «Այդպիսի դեպքերում դժվար է կանխագուշակել, թե ինչպիսի որոշում կկայացնի դատարանը, քանի որ դրա համար անհրաժեշտ է դատավորի կարծիքը», – ասում է Մեդենիկան: Եթե անգամ դատարանը վճիռը ձեր օգտին կայացնի, այնպիսի հարուստ ընկերությունները, ինչպիսիսք են Reddit-ը, Twitter-ը կամ անգամ The Journal Stand-ը, օրենսդրական կարգավորումներով ազատվում են կրած վնասներից: Դեպքերի մեծամասնությունում միակ բանը, որ հայցվորները առաջին հերթին ստանում են, մեկնաբանությունը թողնող մարդն է:

Սակայն Հադլիի ուզածն էլ հենց դա էր, և այս ամառ նա ստացավ դա: Նա 35 հազար դոլարի օրինական վճարումներ կատարեց, մինչև որ Իլինոյսի Գերագույն դատարանը վճռեց, որ Comcast-ը պետք է տրամադրի իր բաժանորդի մասին տեղեկությունը, և անունը վերջապես հայտարարվեց: Դա Ֆրենկ Քրուքն էր՝ Սթիվենսոնի շրջանի նահանգային դատախազը, ով շրջանային խորհրդում աշխատել էր Հադլիի հետ նրա առաջին՝ 6-ամյա ժամկետի ընթացքում: Սակայն Քրուքին ճանաչելով՝ Հադլիին շփոթեցնում էր այն հանգամանքը, որ այս թեթև ծանոթությունը այդքան ուժեղ հակակրանք կարող էր արթնացնել իր նկատմամբ: «Մեր ծանոթությունը սահմանափակվում է փողոցում իրար բարևելով», – ասաց նա տեղական թերթերից մեկին վճռի հրապարակումից հետո (Հադլիի փաստաբանը The Verge-ին թույլ չտվեց նրանից մեկնաբանություն ստանալ):

Հաջորդ օրը Քրուքը հրաժարական տվեց այդ գործի պատճառով, սակայն հրապարակավ հայտարարեց, որ անմեղ է: Դատավարությունը պետք է վայրը փոխեր՝ տեղափոխվելով 20 մղոն հարավ-արևելք՝ Օգլի շրջան: Քրուքի բացահայտումը ցույց տվեց, որ Սթիվենսոնի շրջանում հնարավոր չէ խուսափել շահերի բախումից: Նոր դատարանում առաջին լսումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին:

Մեդենիկայի կարծիքով՝ Հադլիի գործն ուժեղ է, սակայն կասկածներ կան՝ արդյո՞ք օրենքը նրա կողմից կլինի: «Հադլին Սանդուսկի է» մեկնաբանությունը փաստի պնդում է, որը ակնհայտ վնաս է պատճառում, սակայն հեղինակությանը հասցված վնասը հաշվելը կարող է շատ ավելի դժվար լինել, քան թվում է: «Հադլիին պետք կլինի ցույց տալ այդ հայտարարությանը վերագրվող վնասներ, իսկ դա հեշտ գործ չէ», – ասում է Մեդենիկան:

Ի դեպ, հոդվածը դեռ հասանելի է JournalStandard.com-ում, սակայն մեկնաբանությունն այլևս չկա. մեկնաբանությունների բաժինը փակված է: