Adidas-ը ցուցադրել է 3D տպիչով պատրաստված սպորտային կոշիկներ

Սպորտային հագուստ և աքսեսուարներ արտադրող Adidas ընկերությունը ներկայացրել է սպորտային կոշիկներ, որոնք պատրաստված են 3D տպիչով ու նախատեսված են վազելու համար։

Futurecraft 3D կոչվող կոշիկը պատրաստված է պլաստիկից, սակայն պարունակում է նաև Primeknit-ը՝ Adidas-ի կողմից արտոնագրված փափուկ մատերիալ, որը հեշտությամբ օդը ներս է թողնում: Primeknit-ն օգտագործվում է ընկերության Ultra Boost-ի առաջնային մոդելների շարքում։

Adidas-ը պատրաստվում է հետագայում Futurecraft-ի օրինակով ստեղծել այնպիսի կոշիկներ, որոնցում հաշվի կառնվեն կոնկրետ անձի ոտքի անատոմիական առանձնահատկությունները։

Վերջին տարիներին 3D տպիչները այն աստիճան են կատարելագործվել, որ օգտագործողները տնային պայմաններում կարող են տպել ամենատարբեր տեսակի առարկաներ՝ իրենց ցանկացած ձևերով։ Օրինակ` օգոստոսին գիտնականներն ստեղծեցին 3D տպիչներ, որոնք ունակ են տպել` օգտագործելով հալված ապակի։