Samsung-ը կթողարկի նոր անլար ականջակալներ

Samsung ընկերությունը պատրաստվում է թողարկել նոր անլար ականջակալներ՝ աղմուկի մեկուսացմամբ: Նոր աքսեսուարը կներկայացվի Galaxy S11 ֆլագմանի հետ մեկտեղ հաջորդ տարվա փետրվարին, հաղորդում է Sammobile-ը:

Նոր սերնդի անլար ականջակալները կհամալրեն Galaxy Buds շարքը և կստանան Galaxy Buds+ անվանումը: Այս մասին Twitter-ի իր Էջում հայտնել է ինսայդեր Էվան Բլասը ։

Սարքի գլխավոր առանձնահատկությունը 8 Գբ ներկառուցված հիշողությունն է, որը հրաշալի հնարավորություն է՝ երաժշտություն և տարատեսակ ձայնագրություններ ներբեռնելու համար: Բացի այդ, նոր ականջակալները կունենան ակտիվ աղմուկի մեկուսացման գործառույթ և այդպիսով ոչնչով չեն զիջի Huawei-ի և Apple-ի՝ վերջերս թողարկված ականջակալներին: Այդ տեսակետից, Galaxy Buds+- ը այլընտրանք կհանդիսանա հատկապես AirPods Pro ականջակալների համար:

Առայժմ հստակ հայտնի չէ՝ որքան կարժենան Samsung-ի նոր ականջակալները, բայց դրանք հաստատապես կգերազանցեն նախորդի արժեքային շեմը՝ $129-ը: