Վրացական բջջային քարտերը հնարավոր կլինի լիցքավորել Հայաստանում

Այսուհետ վրացական բջջային կապի բաժանորդները, գտնվելով Հայաստանի տարածքում, կարող են համալրել իրենց հաշիվները: Վրացական SIM քարտերին գումար փոխանցելը հնարավոր է Հայաստանի ողջ տարածքում տեղադրված ավելի քան 1500 Telcell վճարումների ընդունման կետերի միջոցով: Վճարումը կատարվում է հայկական դրամով, իսկ անձնական հաշիվները համալրվում են ակնթաթորեն:

«Վրաստանի հետ մեր սերտ հարաբերությամբ պայմանավորված և վրացական զբոսաշրջության վերջին տարիների ակտիվացմամբ մեծացել է պահանջարկը վրացական կապի օպերատորների հաշվեկշիռների համալրումը ՀՀ տարածքից և ելնելով պահանջարկից մենք վրացական Նովա Տեխնոլոջի ընկերության հետ ինտեգրեցինք այդ ծառայությունները մեր համակարգ, ինչպես նաև մեր բջջային օպերատորների վճարումները ինտեգրեցինք մեր գործըկերոջ՝ Փեյ Բոքս (Pay Box) վճարային համակարգ և ստեղծեցինք հնարավորություն մեր տեղական բջջային օպերատորների հաշվեկշռի համալրումը Վրաստանի ամբողջ տարածքում», – նշել է «Թել-Սել» ՓԲԸ ընկերության Բիզնեսի զարգացման վարչության պետ Արթուր Խաչատուրյանը: Ըստ նրա՝ հետագայում ևս ընդլայնվելու են վճարային տերմինալների միջոցով ընդունվող ծառայությունների քանակը’ վճարումների ընդունման շուկայում պահպանելով առաջնորդի կարգավիճակը։