ԴիջիԹեք Էքսպո 2014. ggTaxi-ն թույլ է տալիս մեկ հպումով տաքսի պատվիրել

ggtaxiggTaxi-ն տաքսի պատվիրելու համակարգ է, որ ստեղծվել է gglaboratories թիմի կողմից 2014 թվականին: Այն թույլ է տալիս առանց զանգահարելու տաքսի պատվիրել: Առաջին քաղաքը, որտեղ այն կիրառվել է, դարձել է Երևանը, սակայն շուտով համակարգը կներդրվի աշխարհի տարբեր քաղաքներում: Համակարգից կարելի է օգտվել կայքի միջոցով, ինչպես նաև բեռնել համապատասխան հավելվածը App store-ից և Google Play-ից:

ggTaxi հավելվածն ավտոմատ կերպով որոշում է օգտագործողի գտնվելու վայրը, ինչը հեշտացնում է տաքսի պատվիրելը, որից հետո օգտագործողը իրական ժամանակում տեսնում է քարտեզի վրա, թե որ մեքենան է իրեն մոտենում և ինչ ճանապարհով, հնարավորություն կա նաև տեսնելու մոտեցող մեքենայի համարանիշը: Նշենք նաև, որ օգտագործողը ծանուցման միջոցով տեղեկացվում է մեքենայի մոտենալու մասին:

Օգտագործողը կարող է պատվիրել տաքսին նույն պահին կամ նշել կոնկրետ ժամ: ԴիջիԹեք Էքսպո 2014 տեխնոլոգիական ցուցահանդեսին ընկերության համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը  itTREND-ի հետ զրույցում ասաց, որ ծառայության տաքսիները անհատ վարորդներ են, որոնք իրենք են ցանկություն հայտնել միանալ համակարգին, և նրանց թիվն օրեցօր ավելանում է: