Հայկական GiftsApp-ը հավակնում է դառնալ աշխարհում առաջատարը նվերների փոխանցման օնլայն շուկայում

GiftsApp ընկերների հետ շփվելու և նվերներ փոխանցելու համար նախատեսված բջջային հավելված է։ Այն ծառայելու է մարդկանց՝ հարմարավետ ու ճկուն ձևով միմյանց նվերներ փոխանցելու համար, ինչը հնարավոր կլինի անել աշխարհով մեկ։ Կառուցվածքային առումով այն բաղկացած է խոշոր վաճառողների ապրանքների շտեմարանից և սոցիալական հարթակից, որտեղ մարդիկ կիսվում են իրենց նախապատվություններով, փոխանցում նվերներ ու հաղորդակցվում ընկերների հետ։

2015թ․ մայիսին GiftsApp-ի թիմը դարձավ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նորարարության զարգացման համաֆինանսավորման դրամաշնորհների մրցույթի հաղթողներից մեկը և ահա մենք այցելեցինք թիմին՝ տեսնելու, թե ինչ առաջընթաց ու նորություններ կան աշխատանքում։ Մեզ այդ հարցում շատ օգնեց ծրագրավորման թիմի ղեկավար Վիկտոր Օհանյանը։

11377300_469157149900939_3128918111067733440_n
Վիկտոր Օհանյան

— Ե՞րբ պատրաստ կլինի հավելվածը, ո՞ր օպերացիոն համակարգերի համար կլինի նախատեսված։ Անվճա՞ր կլինի այն, թե՞ վճարովի։

— Հավելվածը պատրատ կլինի մինչև այս տարվա վերջ։ Իրականում այն արդեն պատրաստ է, պարզապես իրականացնում ենք շտկումներ, փորձարկում, աշխատում մեր գործընկերների հետ՝ ապրանքների տեսականին հագեցնելու համար։ Որպես առաջին փուլ ստեղծել ենք հավելվածը միայն iOS օպերացիոն համակարգի համար, և այն անվճար առկա է լինելու Apple Store միջավայրից բեռնելու համար։

— Ինչպե՞ս առաջացավ նման հավելված ստեղծելու միտքը։

— Մենք ունենք ընկերներ արտասահմանում, որոնց հետ անմիջական զրույցի ժամանակ պարզ դարձավ, որ նրանք հաճախ են հանդիպում խնդրի, թե ինչ ապրանք ընտրեն, ինչպես և ուր ուղարկեն այն, որպեսզի արդյունքում և′ հասցեատերը, և′ նվիրողը երջանիկ զգան իրենց։ Նվիրելու մշակույթը օտար չէ ոչ մի հասարակությանը, և բոլորն են ցանկանում սիրելիին, ընկերներին ու հարազատներին պարգևել հաճելին։ Իսկ նման ցանկության դեպքում առիթները միշտ ինքստինքյան հայտնվում են։ Եվ ահա խոսքը խոսքի հետևից մեզ բերեց այն մտքին, որ կարելի է ստեղծել մի գործիք, որտեղ մարդիկ միմյանց նվերներ կարող են ուղարկել առանց որևէ խոչընդոտի ու մտահոգության։

— Ինչպե՞ս է հավելվածն աշխատելու, կխնդրեի մանրամասն նկարագիր։

— GiftsApp-ը հեղափոխական գործիք է, քանի որ փակելու է նվերի տրամադրման ամբողջ շղթան՝ միաժամանակ կողմերին տալով իրական կյանքի բոլոր զգացումները։ Այն կարծես մեկ կանգառի սկզբունքով է աշխատում։ Սկզբում գրանցվում ես, հետո ընտրում նվերը և նշում, թե ում ես ցանկանում ուղարկել այն։ Նվեր ստացողի առումով մեզ պետք է գոնե հաղորդակցության մեկ տվյալ ունենալ՝ հեռախոս կամ էլ-փոստ կամ սոցիալական որևէ կայքի էջ։ Մենք նվերի մասին տեղեկացնում ենք ստացողին՝ նվիրողի մատնանշած որևէ միջոցով ու խնդրում այցելել մեր հավելված, թողնել հասցեն, և արդյունքում շատ կարճ ժամանակահատվածում մեր գործընկեր արտադրանք վաճառողը իր արտադրանքը կուղարկի նվեր ստացողին։ Նվեր ստացողն, իհարկե, կարող է հայտնել իր շնորհակալությունը հասցեն մատնանշելու կամ նվերը ստանալու ժամանակ։

Եթե որևէ կերպ արդեն պարզ են այն օգուտները, որ կստանան մեր օգտատերերը, ապա ուզում եմ մատնանշել նաև, թե ինչ առավելություններ ունի ծրագիրը մեր գործընկերների համար, որոնք իրենց ապրանքներն են վաճառելու մեզ մոտ։ Դա առաջին հերթին հավելյալ եկամուտի աղբյուրն է՝ պայմանավորված նոր վաճառքներով, երկրորդ հերթին վաճառող ընկերության անվան ճանաչելիությունը և երրորդ հերթին տվյալների մեծ հոսքն է, որ կօգնի հասկանալ, թե ինչ ապրաքներ են նախընտրում գնորդները։

— Ո՞ր երկրներում է հասանելի լինելու հավելվածը։

— Առաջնային թիրախը մեզ համար ԱՄՆ շուկան է։ Բայց մենք արդեն իրականացնում ենք քայլեր Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Ավստրալիայի շուկաներում մեր ներկայությունն ապահովելու համար։

2015-09-10 14.42.39

— Ի՞նչ եք կարծում՝ օգտագործողները կգերադասե՞ն GiftsApp-ը նվերներ տալու ավանդական եղանակից։

— Միանշանակ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ միայն ԱՄՆ-ում ինտերնետի միջոցով գնված և նվիրված նվերների ընդհանուր արժեքը նախորդ տարի կազմել է մոտ 30մլրդ ԱՄՆ դոլար, և այն ունի երկնիշ տեմպով աճելու միտում։ Իսկ թե ինչու նրանք կնախընտրեն հենց մեր հավելվածի միջոցով իրականցնել այդ գնումները, ապա այդ առումով կան հետևյալ առավելությունները՝

  • Մենք վաճառում ենք իրական ապրանքներ և ոչ միայն թվային,
  • Մեր դեպքում պետք չէ մտահոգվել նվեր ստացողի հասցեի առումով՝ դա մեր մտահոգությունն է, միաժամանակ պետք չէ ժամանակ ծախսել համապատասխան ապրանքը գտնելու համար, այն կա′մ արդեն նվեր ստացողը իր էջում  նշած  կլինի,  կա′մ էլ մեր գործիքները կօգնեն արագ կողմնորոշվել ապրանքների մեծածավալ հոսքում,
  • Նվեր ստացողը ունի էմոցիոնալ բավարարվածություն, քանի որ ստանում է այն նվերն, ինչը ինքը ցանկանում է,
  • Իրական կյանքի համն ու հոտը չի կորում, քանի որ մարդիկ նաև շփվում են այդ միջավայրում, կիսվում իրենց տպավորություններով, ցանկություններով։

Ավելացնեմ, որ մյուս առավելություններից են նվեր ստացողի արձագանքը տեսնելու հնարավորությունը՝ նամակի կամ տեսահաղորդագրության միջոցով, նվերը բավական հեռու գտնվող որևէ մեկին ուղարկելը, հուշումներ ստանալը բոլոր սպասվող առիթների մասին, բացի այդ՝ համակարգը տեղեկացնում է, թե ինչ նվերներ է տվյալ անձը ստացել օգտագործողի կողմից անցած տարիների ընթացքում։

— Կա՞ աշխարհում նմանատիպ որևէ ծրագիր։

— Նմանատիպ ծրագիր չկա, և մենք լինելու ենք առաջինը։ Իհարկե, կան ծրագրեր, որոնք այս կամ այն նեղ խնդիրն են փորձում լուծել, իսկ մեր դեպքում համակարգը ամբողջական լուծում է ապահովում նվեր տրամադրելու ամբողջ գործընթացի համար։

2015-09-10 14.33.42

— Ի՞նչ նորարարական ֆունկցիաներ ու հնարավորություններ կունենա հավելվածն ապագայում։

Մենք պլանավորել ենք զարգացնել մեր արտադրանքը առաջիկա մի քանի տարիներին և նախատեսել ենք շատ հետաքրքիր ֆունկցիաներ, որոնց շնորհիվ և′ շփումը, և′ նվիրումը, և′ նվեր ստանալը կդառնան ավելի գրավիչ, հարմարավետ և հիշարժան։ Ես, բնականաբար, չեմ կարող բոլոր ֆունկցիաների մասին խոսել, բայց կարող եմ նշել մոտակա ժամանակաշրջանում սպասվելիք այնպիսի հրաշալի գործիքի մասին, ինչպիսին թիմային նվերի գաղափարն է։