Google-ը կվճարի ԶԼՄ-ներին

Google-ը ներկայացրել է լիցենզավորման նոր ծրագիր, որի միջոցով այն երեք երկրների պարբերականներին կվճարի բարձրորակ կոնտենտի համար։ Այս մասին գրված է ընկերության պաշտոնական բլոգում։

Որոնողական հսկան դեռևս պայմանագրեր է կնքել Գերմանիայի, Ավստալիայի ու Բրազիլիայի պարբերականների հետ (համապատասխանաբար՝ Spiegel Group, Solstice Media, Diarios Associados)։ Հիմա ընկերությունը բանակցություններ է վարում նաև այլ պետությունների ընկերությունների հետ, սակայն մանրամասներ այդ մասին չի ներկայացրել։

Բացի կոնտենտի համար վճարից, Google-ը կվճարի նաև ընթերցողների՝ հոդվածներին հասանելիություն ունենալու համար։ Խոսքն այն հոդվածների մասին է, որոնց հասանելիություն ունենալու համար պարտադիր բաժանորդագրոթյուն է հարկավոր։

«Սա թույլ կտա խմբագրություններին ավելի ընդլայնել իրենց լսարանը»,-Ասված է հաղորդագրության մեջ։

Google-ի՝ արտադրանքի կառավարման գծով փոխտնօրեն Բրեդ Բենդերը, The Wall Street Journal-ի հետ զրույցում,  հրաժարվել է կոնկրետ թվեր բարձրաձայնել։ Նրա խոսքով ամեն ինչ կախված է կոնտենտի տեսակից ու որակից։

Ծրագիրն առաջին հերթին կհայտնվի Google News և Discover հարթակներում։ Այն կթողարկեն այս տարվա վերջին։

Այս քայլով Google-ն ընդառաջ գնաց տարիներ շարունակ իր գլխին թափվող քննադատություններին։ Բանն այն է, որ տարիներ շարունակ խմբագրությունները քննադատում էին Google-ին ու Facebook-ին այն բանի համար, որ նրանք օգտագործում են ԶԼՄ կոնտենտն ու չեն կիսվում գովազդից ստացած եկամուտով։