Google-ը ցույց է տվել այն գովազդների տեսակները, որոնք կարգելափակի Chrome-ը

Google-ը քայլեր է կատարում համացանցը վտանգավոր և անհանգստացնող գովազդային հայտարարություններից մաքրելու ուղղությամբ: Ավելի վաղ անդրադարձել էինք գովազդն արգելափակող գործիք ներդնելու Google-ի մտադրությանը:

Այն ներկառուցված կլինի հենց բրաուզերում և այլևս կողմնակի հավելվածներ բեռնելու կարիք չի լինի, այն կզտի վտանգավոր և խանգարող գովազդային հայտարարությունները: Գործառույթն արդեն ներդրվել է բրաուզերում։

Google-ն իր բլոգում ցացադրել է այն գովազդի տեսակները, որոնք ավտոմատ կերպով կարգելափակի Chrome–ը վեբ և մոբայլ տարբերակներում։

Հեղինակավոր Coalition for Better Ads ընկերությունը, որի կազմում է նաև Google-ը, հրապարակել էր այն չափանիշների ցանկը, որին պետք է համապատասխանի գովազդային հրապարակումը համացանցում: Հենց այդ չափանիշներով էլ արգելափակող գործիքը կառաջնորդվի:

Կարգելափակվեն խաբուսիկ գովազդները, ամբողջ էկրանով բացվող բաներները, ավտոմատ կերպով միացող տեսանյութերը և այլ նմանատիպ գովազդները, որոնք նյարդայնացնող բնույթ կկրեն:

Ընկերությունը պտրաստվում է ծանուցել այդ չափանիշները խախտող կայքերի տերերին, վերջիններիս 30 օր ժամանակ տալով, որպեսզի շտկումներ արվեն, որից հետո բրաուզերը կսկսի արգելափակել անթույլատրելի գովազդային հայտարարությունները։ Բացի այդ, բրաուզերը կնախազգուշացնի օգտատերերին, եթե իրենց անհրաժեշտ էջում արգելափակվեն գովազդները։ Ցանկության դեպքում օգտատերը կարող է անջատել նոր գործառույթը որոշակի կայքերում։

Մշակողները վստահեցնում են, որ օգտատերերը կհրաժարվեն նմանատիպ այլ ծրագրային ապահովումներից և կնախընտրեն իրենցը, որը ներդրված կլինի Chrome-ում:

Նշենք, որ բազմաթիվ փորձագետների զարմացրել էր այս փաստը, քանի որ Google-ի եկամուտի մեծ մասը ստացվում է հենց գովազդից, դրա հետ մեկտեղ ընկերությունը որոշել է ներդնել նման ֆունկցիա: Թեև այս քայլը կարելի է համարել տրամաբանական, այն ունի հստակ նպատակ՝ այլ արգելափակող ծրագրերի ու հավելվածների լայն տարածումը բերեց նրան, որ ընկերությունում որոշեցին թողարկել սեփականը, որն էլ իրենց չափանիշներով կզտի գովազդային հրապարակումները: