Google Earth-ում Հայաստանը և Արցախը կլինեն եռաչափ (3D)

Արդեն մի քանի օր է, ինչ ինտերնետում տարածվել է Երևանը եռաչափ պատկերող այս տեսահոլովակը՝ պատրաստված արբանյակային վերահսկման համակարգերով զբաղվող «Լոկատոր» ընկերության կողմից: Ընկերությունն արդեն մուկուկես տարի է, ինչ մեկնարկել է Հայաստանը եռաչափ մոդելավորելու և Google Earth-ում վերբեռնելու իր այս նախագիծը: Նախագծի մասին ittrend.am-ը զրուցել է ծրագրի ղեկավար Վլադիմիր Սոֆյանի հետ:

Վլադիմիր Սոֆյանի կարծիքով, յուրաքանչյուր զբոսաշրջիկ կամ արտասահմանյան ընկերություն որևէ երկիր այցելելուց կամ ներդրում կատարելուց առաջ անպայման Google Earth ծրագրի եռաչափ տարբերակով ուսումնասիրում է երկիրը:

«Ողջ աշխարհը պետք է տեսնի, որ Հայաստանը լավագույն է: Այս նախագիծը ազգային PR-ին է ուղղված և կարող է Հայաստան բերել բազմաթիվ ընկերությունների և զարգացնել զբոսաշրջությունը»,-նշեց նա:

Նախագծի ղեկավարի խոսքով, մոտ 3 ամսից ամբողջապես պատրաստ կլինի Երևանի եռաչափ մոդելը. «Այս պահին Google Earth է վերբեռնված է Երևանի 1500 շենք: Երևանն ավարտելուց հետո կանցնենք Գյումրիին և Վանաձորին: Մենք յուրաքանչյուր շենք բարձր որակով ենք մոդելավորում, ճարտարագիտորեն ենք ներկայացնում»:

Այս նախագիծն առայժմ գործում է «Լոկատոր»-ի ֆինանսական միջոցներով: Վլադիմիր Սոֆյանը տեղեկացրեց, որ ընկերությունը փնտրում է ներդրողների  և բանակցությունների մեջ է որոշ պետական կառույցների հետ:

Նա հավելեց, որ եռաչափ է նաև Ստեփակերտը: «Լոկատորը» պատրաստվում է եռաչափ դարձնել նաև ողջ Արցախը: Ըստ նախագծի ղեկավարի, երբ Արցախը եռաչափ տեղադրվի Google Earth-ում, այլևս խնդիրներ չեն առաջանա հարևան երկրի հետ, թե ինչ լեզվով գրել տեղանքի անունը կամ թե ում է պատկանում Արցախը:

Ներկայացնում ենք ձեզ «Լոկատոր»-ի կողմից պատրաստված և Google Earth-ում տեղադրված եռաչափ Երևանի և Ստեփանակերտի սքրինշոթեր: