Գյումրիում բացվեց Սիներջի Ինթընեշընլ Սիսթըմզի գրասենյակը

Գյումրիի տեխնոլոգիական ու ինովացիոն միջավայրը գրավում է միջազգային ընկերություններին. hոկտեմբերի 17-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացավ Սիներջի Ինթընեշընլ Սիսթըմզ ընկերության Գյումրիի գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը:

Բացմանը ներկա էին ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ինչպես նաև հյուրեր ՏՏ համայնքից:

Ներկայումս Սիներջի գրասենյակում աշխատում են տեխնոլոգիական կենտրոնի կողմից վերապատրաստված մասնագետներ, ովքեր սկսել են աշխատանքը՝ երկամսյա լրացուցիչ վերապատրաստում անցնելով նաև Սիներջի ընկերության երևանյան գրասենյակում։

Սիներջիի բացումը ռազմավարական մեծ նշանակություն ունի Գյումրի ՏՏ ոլորտի զարգացման համար: Նախ և առաջ ընկերության մուտքը մեծ խթան կհանդիսանա հայաստանյան այլ ՏՏ ընկերությունների համար կատարել ներդրումներ՝ նպաստելով ամենահրապուրիչ ոլորտներից մեկի զարգացմանը ՀՀ շրջաններում: Բացի այդ Սիներջին Գյումրիում կներդնի իր տեխնո մշակույթն ու հաջողված փորձը մարզերի հետ աշխատելու հետ կապված. ընկերությունը 2012 թվականից գործում է նաև Ստեփանակերտում՝ ներկայումս “ունենալով 30 աշխատակից:

«Գյումրիի հետ կապված մենք հեռուն գնացող նպատակներ ունենք, – նշել է Սիներջի ընկերության հիմնադիր նախագահ Աշոտ Հովհաննիսյանը, – ինչպես ցույց տվեցին Արցախի մասնաճյուղի մեր հաջողությունները, այստեղ ևս փորձելու ենք մոտ ապագայում ընդլայնել մեր գործունեությունը, որն իհարկե կախված է Գյումրիում մեր աշխատանքների իրականացման հաջողությունից և տաղանդավոր երիտասարդների ներգրավումից։ Մենք լավատես ենք և կարծում ենք, որ դա անպայման տեղի կունենա։ Ավելին ասեմ, շատ հնարավոր է, որ չսահմանափակվենք Գյումրիով. մենք ունենք նաև Վանաձոր, որը ևս հետաքրքիր ներուժ ունի, քաղաքում գործում է տեխնոլոգիական կենտրոն և վերապարտասրվում են կադրեր:

‹‹Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից ստեղծված տեխնոլոգիական և ինովացիոն միջավայրը Գյումրին դարձնում է գրավիչ ոչ միայն տեղական, այլև միջազգային կազմակերպությունների համար: Կենտրոնն էական նշանակություն ունի գործարար ու ներդրումային միջավայրի բարելավման, նոր աշխատատեղերի ստեղծման և Գյումրի քաղաքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման տեսանկյունից՝ այդպիսով նպաստելով նաև տարածքային համաչափ զարգացմանը, երկրի ընդհանուր մրցունակության բարձրացմանն ու Գյումրի քաղաքում տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտության ճյուղերի զարգացմանը››,- նշել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ներկայումս գործում են 23 կազմակերպություններ: Կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները միտված են տեխնիկական և գործարար հմտությունների զարգացմանը և շուկայի պահանջներին համապատասխան կադրերի վերապատրաստմանը, տեխնոլոգիական նոր ընկերությունների ձևավորմանը, արտասահմանյան ներդրումների ներգրավմանը:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից:

1997թ.-ին հիմնադրված Սիներջի կազմակերպության գլխամասը գտնվում է Վաշինգտոնում: Ընկերությունն աշխատում է աշխարհի ավելի քան 60 երկրների հետ:  Ընկերությունում ներկայումս աշխատում են շուրջ 200 բարձր որակավորում ունեցող մասնագետներ: