Ինչպես են հայտնի մարդկանց՝ սոցցանցերի էջերը հաքերների ձեռքում դառնում սև PR-ի գործիք

Նորից հարձակման է ենթարկվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան նոր էջը, ընդ որում՝ հին կեղծ էջում շարունակում են տեղադրվել գրառումներ, օրինակ՝ «Շնորհակալ եմ իմ բոլոր ընկերներից, որ նպաստեցին ինքնակոչ Կարեն Ավագյանի FB էջը փակել»։

Հայտնի մարդկանց՝ սոցիալական ցանցի ըքաունթը կոտրելն ու այն որպես քարոզչական ու սև PR գործիք օգտագործելը հաճախ է հանդիպում վերջին ժամանակներում։

2014-ի օգոստոսին հաքերները կոտրեցին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Twitter-ի էջը ու սկսեցին վարչապետի անունից անհարիր գրառումներ անել։ Այս մասին արագ հայտարարեց ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը՝ իրարանցումը կանխելու նպատակով:

arm14080024328

2014-ի կեսերին հաքերները կոտրեցին Իսրայելի բանակի Twitter-ի էջը։ «Մենք իրականությանը չհամապատասխանող հաղորդագրության համար ներողություն ենք խնդրում»,-հայտարարեց Իսրայելի բանակի մամուլի ծառայությունն ու ներում հայցեց սխալ տվյալներ հրապարակելու համար։

Տարեսկզբին կոտրեցին նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի անձնական պաշտոնական էջերը: ԳԴՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը հայտարարել էր, որ տվյալների բազան ենթարկվել է լուրջ հարձակման:

Դրանից մի քանի օր անց Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը հաստատեց, որ կոտրվել է ԱՄՆ Պենտագոնի թվիթերյան էջը։ «Իսլամական պետություն» հաքերային խմբավորման մասնակիցներն արդեն սկսել էին գրառումներ անել կոտրված էջում («Հանուն Ալլահի… Կիբերխալիֆայությունը սկսում է կիբերջիհադը»): Իսլամիստ հաքերները նաև սպառնալիքներ էին ներկայացրել ամերիկացի զինվորականների ու նրանց ընտանիքների հասցեին:

150112183322_us_central_command_twitter_hack_islamic_state_624x351_reuters_nocredit

150112182730_us_central_command_hacked_624x351_bbc_nocredit

Կա նաև խնդրի մյուս կողմը․ պետական մարմինները նույնպես շատ հաճախ արդար չեն խաղում․ դեռևս 2013-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի ազգային անվտանգության ծառայությունը հազարավոր դեպքերում խախտել է անձնական տվյալների գաղտնիության կանոնները, էլ-փոստերից ու չատերից գողացել բազմաթիվ տվյալներ ու կոնտակտներ։ Սա ապացուցում էին գաղտնի փաստաթղթերը, որոնք լրատվամիջոցներին տրամադրել էր Ազգային անվտանգության ծառայության պայմանագրային նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենը։

***

Հայաստանի Հանրապետությունում համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը կարգավորվում է ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածով, որի առաջին մասին համաձայն՝ համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության պատճենահանելը կամ այլ կերպ դրան ապօրինի տիրանալը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Օրինակ՝ նման գործ հարուցվել է 2014-ի սեպտեմբերին, երբ համացանցում հայտնվեց ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի և բուհի աշխատակցի ֆեյբուքյան նամակագրությունը, որը, ռեկտորի պնդմամբ, կեղծ է: Բացահայտելով, որ էջը կոտրված է և կեղծ նամակագրությունը հայտնվել է լրատվամիջոցների ձեռքում, ռեկտորը ոստիկանություն դիմեց, և հարուցվեց քրեական գործ։