Hour of Code 2017–ին մասնակցել է 300-ից ավելի երեխա Հայաստանի տարբեր համայնքներից

Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը, որը Երևանում կազմակերպվել էր արդեն 4-րդ անգամ։ Միջոցառմանը մասնակցում էր 300-ից ավելի դպրոցական  Հայաստանի տարբեր համայնքներից:

Համաշխարհային ՏՏ ընկերությունները միջոցառման համար մշակում են ծրագրավորման տարբեր խնդիրներ՝ խաղերի տեսքով, որոնք մասնակիցները փորձում են լուծել մենտորների օգնությամբ։ Հայաստանում անցկացվող միջոցառման գործընկեր Microsoft ընկերությունը, հիմնվելով հայտնի Minecraft խաղի վրա, միջոցառման համար մշակել էր հատուկ խաղ՝ «Հերոսի ճանապարհը» (Hero’s Journey) անվանմամբ։

«Հետաքրքրությունը միջոցառման նկատմամբ տարեցտարի մեծանում է, և հետաքրքրականն այն է, որ մեկ անգամ միջոցառմանը մասնակցած թե’ մենտորները, թե’ մասնակիցները միշտ վերադառնում են հաջորդ տարվա միջոցառմանը։ Հիմնական պատճառն այն ոգևորվածությունն է և հետաքրքվածությունը, որով ավարտվում է ամեն տարվա «Ծրագրավորման ժամը». չէ՞ որ այդ հետաքրքրությունն է նրանց ինչ-որ մի օր կայացած ծրագրավորող դարձրել կամ դարձնելու»,- նշեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը:

Միջոցառմանը որպես մենթորներ ներգրավված էր 50-ից ավել ծրագրավորող առաջատար հայկական ՏՏ ընկերություններից, որոնք փորձեցին մասնակիցներին իրենց տարիքին համապատասխան խաղերի միջոցով բացատրել ալգորիթմներ, գործառույթներ, սովորեցնել գրել իրական կոդ։

«Ապագայում մենք շրջապատված ենք լինելու ավտոմատ համակարգերով, որոնք իրենց վրա կվերցնեն շատ գործառույթներ, որոնք հիմա համարվում են մարդու մենաշնորհ։ Այդ համակարգերի կառուցման ու կառավարման լեզվին պիտի տիրապետի ամեն մարդ։ Այդ լեզուն ծրագրավորման լեզուն է, և եթե մենք նպատակ ունենք լիարժեք կյանք ունենալու ապագայում, պիտի տիրապետենք ծրագրավորմանը։ «Այբ» դպրոցը պատասխանատվություն է վերցրել պատրաստելու նոր սերունդը ապագային, և հնարավորինս շատ մարդկանց, անկախ տարիքից, ծնագրավորման աշխարհին ծանոթացնելը կարեւոր քայլ է այդ առաքելության ճանապապհին»,- ընդգծեց «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:

Ծրագրավորման նկատմամբ հետաքրքություն առաջացնելու և երեխաների տրամաբանությունը զարգացնելու նպատակով յուրաքանչյուր տարի աշխարհի 180-ից ավելի երկրում կազմակերպվում է «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը՝ ներգրավելով ավելի քան 280 մլն մասնակցի։

Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի» և «Այբ» դպրոցի նախաձեռնությամբ։ Խաղի հեղինակները ծրագրավորման հիմունքները և սկզբունքները ներկայացնում են խաղի գրավիչ գործակալների միջոցով։ Միջոցառման գործընկեր «Յուքոմ» ՍՊԸ-ն միջոցառման ընթացքում մասնակիցների համար ապահովեց անխափան և գերարագ ինտերնետ կապ, իսկ menu.am ընկերությունը երեխաներին տրամադրեց սնունդ։