Երևանում 4-րդ տարին անընդմեջ կկազմակերպվի «Ծրագրավորման ժամ» միջոցառումը

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի և «Այբ» դպրոցի նախաձեռնությամբ` դեկտեմբերի 10-ին «Այբ» ավագ դպրոցում տեղի կունենա «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը, որը Երևանում կազմակերպվում է արդեն 4-րդ անգամ: Միջոցառման նպատակն է խաղերի միջոցով մասնակիցներին ծանոթացնել ծրագրավորման տրամաբանության հետ, զարգացնել մաթեմատիկական մտածելակերպը և խնդիրների լուծման հմտությունները:

Hour of Code-ը համախմբում է ավելի քան 280 մլն մասնակցի`  աշխարհի 180 երկրից: Հայաստանում հետաքրքությունը ՏՏ ոլորտի նկատմամբ գնալով աճում է երիտասարդների շրջանում, և այս միջոցառումը ծրագրավորմանը ծանոթանալու հիանալի հնարավորություն է ընձեռում։

«Ծրագրավորման ժամ» միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են նոր տեխնոլոգիաներով և ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ՝ անկախ տարիքից: Ծրագրավորման իմացությունը պարտադիր չէ: Անհրաժեշտ է միայն անգլերենի տարրական իմացություն:

Մասնակիցների գրանցումը կմեկնարկի նոյեմբերի 20-ին: Պաշտոնական հեշթեգն է #HourofCodeEVN17:

«Ծրագրավորման հանդեպ հետաքրքրությունը հնարավորինս վաղ տարիքից պետք է զարգացնել երիտասարդների մոտ, ովքեր տեխնոլոգիական լուծումների ամենամեծ սպառողներն են։ Այս տարի «Ծրագրավորման ժամ» միջոցառման ժամանակ մասնակիցները ոչ միայն կկարողանան գրել իրենց առաջին կոդը, այլև ստեղծել մի նոր պրոդուկտ՝ վեբկայք, խաղ կամ հավելված, որը հետագայում նրանք կկարողանան զարգացնել և ավելի լավ մշակել»,- նշեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը:

2016-ին միջոցառմանը Երևանի տարբեր դպրոցներից մասնակցել է 5-18 տարեկան 250-ից ավելի պատանի: Մասնակիցներից շատերի համար միջոցառումն առաջին քայլն էր ծրագրավորման ոլորտում, և ներկայումս նրանք արդեն ավելի խորացված են ուսումնասիրում ծրագրավորման տարբեր լեզուները։

«Տնտեսության գերարագ զարգացումները նոր մարտահրավերներ են նետում կրթությանը, և դրանց պատասխանը պետք է լինեն կարծրատիպերից զերծ նախաձեռնությունները: Միգուցե դպրոցական համակարգն ապագայում կգեներացնի նոր լուծումներ՝ զարգացնելով «Ծրագրավորման ժամ» միջոցառման հիմքում դրված գաղափարները: Մենք ոգևորված ենք այդ միջոցառման նկատմամբ տարեցտարի աճող հետաքրքրությամբ, քանի որ տեսնում ենք մեր երկրի ապագան՝ որպես տեխնոլոգիական գերտերության»,- ընդգծեց «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:

«Ծրագրավորման ժամ» միջոցառման գործընկերն է Մայքրոսոֆթ ԱրԷյը։ «Յուքոմ» ընկերությունը միջոցառման ընթացքում կապահովի ինտերնետ կապով, իսկ մասնակիցներին սնունդ կտրամադրի menu.am-ը։