Huawei-ը կստեղծի այլընտրանք YouTube-ին և Google-ի այլ ծառայություններին

Huawei – ը հայտարարել է YouTube-ին, Gmail-ին և Google-ի այլ ծառայություններին համարժեք այլընտրանք ստեղծելու իր ծրագրերի մասին: Չինական ընկերության այս ծրագրին կաջակցեն հնդիկ ծրագրավորողները, փոխանցում է Economic Times-ը ։

Huawei-ի և Honor-ի հնդկական մասնաճյուղերի գլխավոր տնօրեն Չարլզ Փենգը նշել է, որ Honor-ը բանակցություններ է վարում Հնդկաստանում 150 տարածում գտած հավելվածների մշակողների հետ՝ նրանց սեփական հարթակ ներգրավվելու և Google-ին փոխարինողներ ստեղծելու ճանապարհին:

Չինական կորպորացիան մտադիր է համագործակցել ոչ միայն հնդիկ, այլև եվրոպացի մասնագետների հետ ։ Յուրաքանչյուր տարածաշրջանում, ըստ Huawei-ի ներկայացուցչի, ընկերությունը տեղական օգտատերերին կառաջարկի 100-150 հանրահայտ հավելվածներ: Այդպիսով, Huawei-ը կփորձի մրցակցություն ստեղծել Google-ի հետ:

Economic Times-ի գնահատմամբ, Huawei-ը նախատեսում է հավելվածային էկոհամակարգի շուրջ հավաքել մինչև մեկ միլիոն գրանցված ծրագրավորողների ամբողջ աշխարհի մասշտաբով: Կոնկրետ Հնդկաստանում էկոհամակարգին հավելվածի ինտեգրման համար վարձատրությունը կկազմի մինչև 17 հազար դոլար: Նշվում է, որ ծրագրավորողների խրախուսման համար նախատեսված Huawei-ի գլոբալ հիմնադրամի միջոցները կազմում են շուրջ մեկ միլիարդ դոլար: