Instagram-ը թույլ է տվել իր օգտատերերին ներբեռնել անձնական տվյալները

Մի քանի շաբաթ առաջ սոցցանցի ներկայացուցիչները խոստացել էին, որ օգտատերերին հնարավորություն կընձեռվի սոցցանցից ներբեռնել իրենց անձնական տվյալները: Եվ ահա այսօր, ընկերությունը կատարել է իր խոստումը: Հիմա բոլոր հաշիվների օգտատերերը կարող են ներբեռնել իրենց անձնական տվյալների կրկնօրինակը, որոնք պահվում են Instagram-ի սերվերներում: Անձնական տվյալների մեջ մտնում են նկարները, տեսահոլովակները, մեկնաբանությունները, հավանումները և այլն:

Այս գործառույթը ներկայումս աշխատում է միայն վեբ ինտերֆեյսի համար: Ընդամենը պետք է մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցեն, ուղարկել տվյալները ներբեռնելու խնդրանք և սպասել 48 ժամ: Որոշ ժամանակից գործառույթը կհայտնվի նաև iOS և Android հարթակներում ևս:
Ընկերության աշխատակիցները նման գործառույթ են ներդրել երկու պատճառով: Առաջինը Cambridge Analytica-ի սկանդալային պատմությունն էր՝ կապված  Facebook-ի հետ: Բացի այդ Եվրամիությունը օրենք է մտցրել, ըստ որի՝ տվյալներ պահպանող մեծ ընկերությունները պետք է իրենց օգտատերերին հնարավորություն տան անձնական տվյալներ ներբեռնել: