Instagram-ը կկանխի վրավորական մեկնաբանությունների տարածումը

Instagram սոցկայքը նոր միջոց է մշակել հարթակում վիրավորական մեկնաբանությունները նվազեցնելու նպատակով, հաղորդում է BBC-ն:

Այժմ սոցկայքի այն օգտատերերը, որոնք վիրավորական մեկնաբանություն են թողնում որևէ այլ օգտատիրոջ հասցեին, այն հրապարակելուց առաջ ծանուցում կտեսնեն, որը կհարցնի նրանց՝ արդյոք համոզված են, որ ցանկանում են հրապարակել վիրավորական մեկնաբանությունը:

Օգտատերերը կարող են արհամարհել ծանուցումը և հրապարակել մեկնաբանությունը, սակայն սոցկայքի ներկայացուցիչները հավաստիացնում են, որ նման միջոցը թույլ է տալիս օգտատերերին մի պահ խորհել, ինչի շնորհիվ նրանք հաճախ հրաժարվում են վիրավորանքներ կամ ատելության քարոզ տարածելուց:

Այժմ նոր ծանուցումը հասանելի է միայն Instagtam-ի անգլերեն տարբերակի համար, սակայն սոցկայքի ղեկավարությունը նպատակ ունի այն ամենուր ներմուծել:

Instagram-ի ներկայացուցիչները հայտնել են նույն նպատակով ձեռնարկված մեկ այլ միջոցի մասին, որը շուտով հասանելի կլինի: Խոսքն օգտատերերի նկատմամբ սահմանափակում մտցնելու մասին է՝ առանց նրանց արգելափակելու: Այդ դեպքում վիրավորական խոսքեր հնչեցրած օգտատերը չի կարողանա հետևել իր մեկնաբանության զարգացումներին, ինչպես նաև թիրախային օգտատիրոջ գործողություններին, իսկ նրա թողած մեկնաբանությունը տեսանելի կլինի միայն իրեն: Այլ կերպ ասած՝ վիրավորական խոսքեր հնչեցնող օգտատերն այդպես էլ չի իմանա իր նկատմամբ կիրառված սահմանափակման մասին:

Նշենք, որ սոցկայքը նման միջոցներ սկսել է ձեռնարկել հատկապես վերջերս 14-ամյա բրիտանուհի Մոլի Ռասելի ինքնասպանությունից հետո: Վերջինիս հայրը դստեր ինքնասպանության համար սոցկայքերում նրան շարունակաբար վիրավորած օգտատերերին էր մեղադրել:

 

Աղբյուրը՝ Tert.am