Instagram–ը հետևում է, թե ինչ նկարներ ու տեսանյութեր են դիտում օգտատերերը

The Instagram app is seen on an iPhone on 16 March, 2017. (Photo by Jaap Arriens/NurPhoto via Getty Images)

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում  Instagram–ն արդեն երկու անգամ  է, ինչ փոփոխում է իր անվտանգության քաղաքականությունը։ Նման փոփոխությունները կապված են Եվրամիության նոր օրենքների հետ, ըստ որոնց սոցիալական ցանցերը պետք է առավել թափանցիկ քաղաքականություն վարեն, որտեղ առաջնայինը կլինի օգտատիրոջ տվյալների պահպանումը։ Բացի այդ, ընկերությունները պետք է ամենայն մանրամասությամբ հայտնեն, թե ինչ տվյալներ են հավաքագրում օգտատերերից և ինչ նպատակներով են դրանք օգտագործում։

Թարմացված տեղեկատվության համաձայն, Instagram–ը սկսել է հետևել, թե ինչ տեսանյութեր ու լուսանկարներ են դիտում օգտատերերը և ինչ ձևով են թերթում լրահոսը։

Սոցցանցի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Մենք սարքավորումներից ստանում ենք տարատեսակ տեղեկատվություն։ Օրինակ` որտեղ եք դուք սեղմում կամ ինչպես եք թերթում լրահոսը։ Այսպիսով մենք կարողանում ենք մարդկանց տարբերակել բոտերից և նկատել խարդախությունները»։

Instagram–ում վաղուց են խոսում բոտ–հաշիվների մասին, որոնք մեկնաբանում են հրապարակումները, հավանությունների արժանացնում դրանք և այլն։  Ընկերությունը մտադիր է ընդմիշտ ձերբազատվել դրանցից։

Ի դեպ` Instagram–ի հեղինակները երկար տարիների ընթացքում քիչ գործիքակազմ չեն մշակել ոչ ցանկալի բովանդակությունը արգելափակելու համար։ Անցյալ տարի ընկերությունն արգելափակել էր մեկնաբանություններ և հավանումներ գնելու  Instagress, ընկերությունը։