Made in Armenia. մեր անօդաչուները` օվկիանոսից այն կողմ

Հայաստանը չունի ռազմական արդյունաբերություն, բայց ունի տեխնոլոգիական մեծ ներուժ, որը կարող է գործածվել ռազմական նպատակներով: Դրանցից ամենահայտնին անօդաչու թռչող սարքերն են, որոնք, ըստ էության, կարող են բազմաթիվ ռազմական նշանակության խնդիրներ լուծել: Հայկական Ինսթիգեյթ ընկերությունը արդեն մի քանի տարի է, ինչ սկսել է անօդաչու թռչող սարքերի կամ դրոնների արտադրությունը: Իրացման հիմնական շուկան, որքան էլ տարօրինակ է, ոչ թե Հայաստանն է, այլ արտասահմանյան երկրները, այդ թվում՝ աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսությունն ունեցող Սինգապուրը: Այս տարի Սինգապուրը ձեռք է բերել ընկերության դրոններն իր ծովային նավահանգիստների մշտադիտարկումները կազմակերպելու համար:

Հայկական արտադրության դրոնները օգտագործվում են Սինգապուրի ծովային սահմաններում տեղակայված նավերի վրա, որոնց անձնակազմները հաճախ լինում են նավի ներսում, սակայն կարիք կա մշտադիտարկում անել դրսից: Դրանք աշխատում են էլեկտրական լարերով, որպեսզի անընդհատ սնուցում լինի: Սակայն ունեն նաև մարտկոցներ էլ. սնուցման դադարի դեպքում օգտագործելու համար:

Այսինքն, ըստ անօդաչուների հեղինակների, Ինսթիգեյթ Ռոբոտիքսը ունակ է տարբեր լուծումներ առաջարկել՝ կախված պատվիրատուի ցանկությունից և առաջադրվելիք խնդիրներից:

«Մենք այժմ փորձում ենք ընդլայնել մեր սպառողների աշխարհագրությունը և  բանակցություններ ենք վարում մի քանի աֆրիկյան երկրների հետ, սակայն դրա մասին կկարողանամ խոսել միայն վերջնական պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո», – ասաց Ինսթիգեյթի համահիմնադիր տնօրեն Արման Պողոսյանը:

Արթուր Պողոսյան
Ավագ ինժեներ Արթուր Պողոսյան

Ինսթիգեյթ Ռոբոտիքսի ավագ ինժեներ Արթուր Պողոսյանի խոսքով՝ սարքերի գները կախված են դրանց չափերից և տեխնիկական բնութագրերից: Հայկական դրոններն այժմ մրցունակ են միջազգային շուկայում: Օրինակ` իսրայելականների հետ համեմատելիս պարզ է դառնում, որ իսրայելական դրոնները շատ ավելի թանկ արժեն, քան հայկական արտադրության ԱԹՍ-ները:

Ինստիգեյթի արտադրած դրոնները համալրվում են GPS նավիգացիոն համակարգով, ինչը խոցելի է դարձնում սարքերը մարտի դաշտում: Հարցին, թե արդյոք հնարավոր է տեղական արտադրության ԱԹՍ-ները համալրել նաև այլ նավիգացիոն համակարգերով, Արթուրը պատասխանեց, որ պատվերի դեպքում այդ խնդիրը կարելի է լուծել է, սակայն նման պատվեր դեռ չեն ստացել:

Ընկերության ներկայիս սարքերը համալրված են նաև կողմնացույցով, արագաչափով և գիրոսկոպով, ինչը տեսականորեն թույլ է տալիս այն կառավարողին առանց GPS նավիգացիոն համակարգի ետ վերադարձնել դրոնը իր մեկնարկման վայր:

IMG_6091

 

Արման Պողոսյանի խոսքով` Հայաստանի կառավարությունից մինչ այժմ պատվեր չեն ստացել, սակայն, հաշվի առնելով նաև ապրիլյան իրադարձությունները սահմանին, Ինսթիգեյթ Ռոբոտիքսը պատրաստ է տեխնոլոգիաներ, մասնավորապես դրոններ արտադրել, որոնք կարելի է գործածել ռազմական խնդիրներ լուծելու համար. «Կոնկրետ մարտական նշանակության սարքերի արտադրությամբ չենք զբաղվում, սակայն ինչ վերաբերում է ղեկավարման համակարգեր ունեցող սարքերին, դա կլինի դրոն, թե որևէ այլ սարք, ապա պատվերների դեպքում կարող ենք արտադրել»:

Ինսթիգեյթ Ռոբոտիքսը գործում է Երևանի ազատ տնտեսական գոտում, ինչը նրան տալիս է որոշ տնտեսական առավելություններ, սակայն, ինչպես մեզ հետ զրույցում նշեց ընկերության տնօրենը, արտոնությունների մեծ մասը իրականում թղթի վրա է գրված` հատկապես մաքսային քաղաքականությանը վերաբերող հատվածը, քանի որ որևէ զգալի առավելություններ ընկերությունը չի զգում: «Իհարկե, մենք այս դեպքում մաքսատուրք չենք վճարում, սակայն թղթաբանության առումով այս ամենը ավելի բարդ է իրականանում և շատ խճճված»,-նշեց նա:

«Սարքի շարժիչները մեզ մոտ չեն մշակվում, այլ ներմուծում ենք արտասահմանից, իսկ որոշ սարքերի կմախքները պատրաստում ենք այստեղ տարբեր նյութերից` տիտան, փայտ, պլաստմաս, կարբոն և այլն: Անում ենք փորձարկումներ տարբեր նյութերի, չափերի, շարժիչների և սնուցման աղբյուրների հետ»,-պարզաբանեց Արթուր Պողոսյանը:

Չնայած նրան, որ ընկերությունը գործում է արդեն երեք տարի, շարունակում ընդլայնել իր մատուցած ծառայութունների շուկան և կատարել է արդեն  մոտ 400 հազար դոլարի ներդրում, սակայն մինչև այժմ ստացել է ընդամենը 100 հազար դոլարի եկամուտ:

https://youtu.be/s8O4Mt79Qdo

Նկարահանված սարքի տեխնիկական բնութագիրը. այն շատ ճկուն է, այսինքն` հնարավոր է փոփոխել դրա տեխնիկական բնութագրերը` ավելացնելով մարտկոցներ կամ այլ սարքեր:

Ներկայիս մարտկոցները լիթիում-պոլիմերային են, և դրանցով հնարավոր է սարքը օդում պահել մինչև 30 րոպե:

Թռիչքի մաքսիմալ հեռավորությունը մոտավորապես 5 կմ է:

Չափսեր. տրամագիծ` 330 մմ-810 մմ` կախված մոդելից: