Հայկական ՏՏ ընկերությունների գրեթե կեսն ունի տարեկան 100,000-ից մինչև 1 մլն դոլար եկամուտ

2014թ. Հայաստանի ծրագրավորման և ծառայությունների ոլորտի շրջանառությունը կազմել է մոտ 349.4 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը կազմում է 19% տարեկան աճ նախորդ տարվա համեմատ: Ընդհանուր առմամբ 2009-2014թթ. ոլորտում գրանցվել է 21.8% միջին տարեկան աճ:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից կատարված Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի հետազոտությունը ցույց է տալիս, որ տեղական ընկերությունների մասնաբաժինը ոլորտի ընդհանուր եկամուտների մեջ կազմում է 45%` ի տարբերություն 2011թ.-ին գրանցված 42%-ի: Վերջին հինգ տարիների ընթացքում տեղական ընկերությունների վիճակը բավականին բարելավվել է. աճել է աշխատակիցների թիվը, կատարելագործվել են նրանց տեխնիկական հմտությունները և շուկայի վերաբերյալ գիտելիքները, դեռ ավելին, նրանց կողմից իրականացվում են առավել բարդ և բարձր գնահատվող ծրագրեր:

Ինչպես երևում է ստորև բերված գրաֆիկից, ծրագրային ապահովման և ծառայությունների ոլորտի 40 խոշոր ընկերություններ (1 միլիոն ԱՄՆ դոլար և ավելի շրջանառությամբ), որոնք կազմում են գործող ձեռնարկությունների ընդամենը 11%-ը, ձևավորում են ոլորտի ընդհանուր հասույթի 60%-ը: Ոլորտի ընդհանուր հասույթի մեջ խոշոր ընկերությունների մասնաբաժինը 2013 թվականի հետ համեմատ ավելացել է:

Capture

ՏՏ ընկերությունների գրեթե կեսը 100,000-ից մինչև 1,000,000 ԱՄՆ դոլարի չափով տարեկան եկամուտ ունեն: Միջին չափի ընկերությունների մասնաբաժինը նվազել է՝ կազմելով 52%, համեմատած 2013 թվականի հետ (57%): Տվյալները ցույց են տալիս, որ այս նվազումը պայմանավորված է միանգամայն առողջ հանգամանքներով, այն է՝ միջին ընկերությունների՝ խոշոր ընկերությունների վերափոխվելու փաստով, ինչպես նաև 2014 թվաանին 17 նոր ընկերությունների ստեղծմամբ:

100,000 ԱՄՆ դոլարից պակաս հասույթ ունեցող փոքր ընկերությունների թիվը 2013թ-ի համեմատ աճել է 10%-ով, իսկ նրանց մասնաբաժինը ոլորտի ընդհանուր հասույթում աճել է 50%-ով: Չնայած, որ փոքր ընկերությունները զգալի ազդեցություն չունեն ոլորտի վրա, նրանց քանակի աճը վկայում է տեղական շուկայի շարունակական զարգացման մասին: