Հայկական ՏՏ պատվիրակությունը Տոկիոյում կներկայացնի ոլորտի ծրագրերն ու առանձնահատկությունները

Հոկտեմբերի 28-ին Տոկիոյում անցկացվելու է «IT’s Armenia» խորագրով սեմինար՝ նվիրված Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացմանը։ Միջոցառման նպատակն է նպաստել Ճապոնիայի՝ ՀՀ-ի հետ համագործակցելու հետաքրքրվածության խորացմանը, գործարար հարաբերությունների ստեղծմանը:

Հայաստանյան պատվիրակությունը ներկայացնում են «Ինստիգեյթ», «ՎՕԼՕ», «Արմինովա Թեքնոլոջիս», «Լեւիաթան», «ԱյՅուՆեթվորքս», «Վիէմուեր Իսթերն Յուրոփ» և «Գրանատուս Վենչուրս» ընկերությունները։

its-armenia-1

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ-կազմակերպությունները հանդիպմանը մասնավորապես կներկայացնեն միության կողմից իրականացվող միջոցառումներն ու ծրագրերը՝ ուղղված հայաստանյան ՏՏ բրենդի առաջխաղացմանը:

«IT’s Armenia» սեմինարը կազմակերպում են Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը՝ ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանի, Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպությունը (JETRO), Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը, Ճապոնիա-Հայաստան գործարար և մշակութային նախաձեռնությունը, Ռուսաստանի և նորանկախ պետությունների հետ տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ROTOBO) և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA):